Մարտի 14-15-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում «Ժողովրդավարության ու խաղաղության համաժողով» է տեղի ունեցել, որի ամփոփիչ փաստաթղթում Սիրիայի պատերազմի, քրդական հարցի լուծման ընթացքին անդրադարձ է արվում, հայտնում է Արցախպրեսը «Ակոսի» վրա հղումով: Ամփոփիչ փաստաթղթում Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ազգերի ժողովրդավարական կոնգրեսի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են մտավորականներ, գիտնականներ, գրողներ և ուսանողներ։
Երկու օր տևած աշխատանքն ամփոփվել է մեկ միասնական փաստաթղթում, որն ընթերցել է արվեստագետ Իլքայ Աքքայան։
Փաստաթղթում նշվում է, որ առանց Ցեղասպանությանն առերեսվելու՝ քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ: «Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մարաշի կոտորածը, անգամ երկրի սահմանից դուրս տեղի ունեցող կոտորածները մեզ ուղղորդում են, որ նայենք 1915-ին»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայում գործող հինգ հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու: Դրանց թվում է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիան, Իզմիրի ասորական ընկերակցությունը, «Նոր զարթոնք» ՀԿ-ն, ZAN հիմնադրամն ու Suryaniler.com մշակութային հարթակը:
«Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչքան մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, այնքան մենք՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներս, բողոքում ենք մեր նախագահի հրավերի դեմ և աշխարհի նախագահներին կոչ անում այցելել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,- ասել է Մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Մերալ Չիլդիրը:
«Թուրքիայի հանրապետությունը հիմնած մտածողությունը և 1915-ին հայերի և ասորիների դեմ ցեղասպանությունն իրականացրած մտածողությունը նույնն են: Մեզ համար 2015-ի ապրիլի 24-ը կարևոր օր է: Մենք ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ: Ուզում ենք, որ մեզ սխալ սովորեցնելու և մեր երեխաներին սխալ դաստիարակելու պատճառ դարձած հասկացությունը ճշտվի: Գիտենք, որ 1915-ի ցեղասպանությունը դեռևս որոշ երկրներում ազատորեն չի քննարկվում, բայց մենք ընդամենը մի փոքր խիղճ ենք խնդրում: Այս հրավերը ծաղրում է Հայոց ցեղասպանության զոհերին: Գնացե՛ք Երևան, որտեղ իրական ցավն է»,- ասել է Ընդդեմ ռասիզմի և խտրականության մարդու իրավունքների ասոցիացիայի փոխնախագահ Էրեն Կեսկինը:
Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրների նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների-100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին: