ՀՀ Ազգային ժողովում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները: Մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն, հայտնում է Panorama.am-ը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևում ասվում է.
– Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը
– Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
– Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը
– Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան
– Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը
– Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձևերն ու հայտարարությունները
– Նկատի ունենալով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
– Նկատի ունենալով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն են կազմում աշխարհում
– Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը և ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար
– Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը,
– Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդկային աղետների ուժգնացումը
Վեհաժողովը.
Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը, Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին,
Շեշտում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում,
Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է,
Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանը:
– Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ,
– Համարում է, որ ժողովուրդների միջև հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարևորություն ունի:
ՀՀ Ազգային ժողովում մարտի 16-ին մեկնարկեց Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բացման խոսքով հանդես է եկել Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորել է հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»: