ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության նոր զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ:
Զեկույցում նշված հաղորդագրությունների թվում են վկայությունները խոշտանգումների, սպանությունների, առևանգումների, բռնի կրոնափոխության, երեխաների հավաքագրման ու նրանց սեքսուալ ստրկության մատնելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եզդիների կոմպակտ բնակության վայրերն Իրաքում ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները:
Ինչպես նշում են վարչությունում, իսլամիստների գործողությունները եզդիների դեմ ոչ այլ ինչ են, քան հինավուրց այդ համայնքը գիտակցաբար ոչնչացնելու մղում:
Զեկույցում նաև ներկայացված են իրաքյան բանակի ու շիաների ինքնապաշտպանական ջոկատների դաժանությունները:
Փետրվարի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։
Հունվարին ԻՊ գրոհայինները մոտ 350 եզդիների ազատեցին՝ կանանց, երեխաների և ծերունիների՝ հանձնելով նրանց քրդական ջոկատներին:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: