Կիպրոսի խորհրդարանականները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող համատեղ օրինագիծ են մշակել

Կիպրոսի խորհրդարանականները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող համատեղ օրինագիծ են մշակել

PanARMENIAN.Net - Կիպրոսի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նախագիծ են մշակել, որով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանությունը հերքողների, ժխտողների համար, գրում է «Հուրիյեթ»-ը:

Թուրքական պարբերականն ընդգծում է, որ նախագծի մշակման աշխատանքներին մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը՝ նախատեսելով պատիժ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները ճչանաչողների դեմ:

Օրինագիծն առաջարկվում է ընդուել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, իսկ խորհրդարանի օրակարգում այն կլինի այս շաբաթ:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ մինչ այս ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի և Սլովակիայի խորհրդարանները:

Շվեյցարիայի մասով ուշագրավ է, այսպես կոչված, Փերինչեքի գործը: 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական, ընդգծված հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ Թուրքիան:

ՄԻԵԴ-ում դատական լսումներն ընթացան հունվարի 28-ին: Լսումներից հետո դատարանը պետք է որոշում կայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը ժամանակին «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ երկիրը չլքելու պայմանով ազատ արձակված Փերինչեքի վրա դրված արգելքը դատական նիստից մի քանի օր առաջ չեղյալ էր հայտարարել։

Photo: Ansamed.info
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---