Հարցում. Ռուսաստանցիների 35 % կարծում է, որ արտերկրում ՌԴ-ից այժմ ավելի շատ են վախենում

Հարցում. Ռուսաստանցիների 35 % կարծում է, որ արտերկրում ՌԴ-ից այժմ ավելի շատ են վախենում

PanARMENIAN.Net - «Լևադա-կենտրոնի» սոցհարցման արդյունքները վկայում են, որ յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցին (35 տոկոսը) համարում է, որ վերջին կես տարում Ռուսաստանից ավելի շատ են սկսել վախենալ արտերկրում: Միևնույն ժամանակ, ըստ բնակչության, ավելացել են նաև երկրի արտաքին ու ներքին թշնամիները՝ դրանում համոզված է հարցման մասնակիցների 63 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ երկրի 46 ռեգիոնների 134 բնակավայրից:

Ռուսաստանցիների 68 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը զգալի դերակատարություն ունի միջազգային խնդիրների լուծման գործում: 57 տոկոսը ասել է, որ բավականին կարևոր, 11 տոկոսը՝ վճռորոշ: Բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 24 տոկոսը կարծում է, որ երկրի դերակատարությունն այնքան էլ կարևոր չէ, և միայն 5 տոկոսն է կարծում, որ այն երկրորդական է, գրում է «Իզվեստիա» թերթը:

Ավելի վաղ շրջանի հարցումներում միջազգային ասպարեզում ՌԴ դերը կարևորել է 26 տոկոսը 2010-ին և 51 տոկոսը՝ 2011-ին:

«Ինչպիսի՞ երկիր կցանկանայիք, որ լիներ Ռուսաստանը՝ մեծ տերություն, որին հարգում և որից վախենում են մյուս երկրները, թե բարձր կենսամակարդակով երկիր, թեկուզ ոչ ամենահզորների շարքից» հարցին ռուսաստանցիների 47 տոկոսը դրական է պատասխանել հարցի առաջին մասին: 49 տոկոսը գերադասում է քաղաքացիների բարեկեցությունը՝ 2006-ին այս ցուցանիշը 36 ու 62 տոկոս էր համապատասխանաբար: Եթե մինչև 2014-ը զգալիորեն գերակշռում էր երկրորդ տեսանկյունը, ապա վերջին 2 տարում ցուցանիշները գրեթե հավասարվել են:

Հարցվածների 68 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն այսօր գերտերություն է, բնակչության գրեթե մեկ երրորդը՝ 27 տոկոսը այլ տեսակետ ունի: Նախորդ հարցումների արդյունքները վկայում են, որ 15 տարում զգալիորեն աճել է ռուսաստանցիների հավատն առ հայրենիք: 1999 թ. քաղաքացիների միայն 31 տոկոսն էր Ռուսաստանը մեծ տերություն համարում, մեծամասնությունն այդպես չէր կարծում:

«Լևադա-կենտրոնի» սոցիոլոգ Կարինա Պիպիան նշել է, որ 2014-ի նոյեմբերին ՌԴ-ն գերտերություն էր համարում 68 տոկոսը, ինչպես այսօր՝ սա վերջին տարիների առավելագույն ցուցանիշն է:

«Այս ցուցանիշը պահպանվում է անկախ տնտեսական վիճակից, գնաճից ու բնակչության համար այլ բացասական հետևանքներից»,-ասել է նա:

Ռուսաստանցիները նախկինի պես սատարում են Արևմուտքի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի ընդլայնմանը՝ 60 տոկոս: Սակայն Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին նախկինում ավելի շատ էին արտահայտվել՝ 2000-ին այդ ցուցանիշը 76 տոկոս էր:

Հարցվածների 63 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանին այժմ բազմաթիվ արտաքին ու ներքին թշնամիներ են սպառնում: 2007-ին այդ ցուցանիշը 42 տոկոս էր:

Ռուսաստանից սկսել են ավելի շատ վախենալ՝ սա է ամենահաճախ հնչող պատասխանն այն հարցին, թե ինչպես է փոխվել վերաբերմունքը ՌԴ և ռուսների հանդեպ արտերկրում վերջին կես տարում: Այս կարծիքին է բնակչության 35 տոկոսը, անցայլ տարի՝ 30 տոկոսն էր:

«Այս պատասխաններում ավելի շատ խտացում կա բացասական զգացողությունների վրա: Սակայն միևնույն ժամանակ քաղաքացիները հասկանում են, որ հենց այնպես չեն վախենում Ռուսաստանից: Այստեղ, ըստ իս, երկու կարևոր պահ կա: Առաջինը՝ Ղրիմի միացման ֆոնին համոզվածություն կա, որ ՌԴ-ն դեմ գնաց միջազգային հանրությանն ու պաշտպանեց ռուսներին: Երկրորդը՝ վեր հանվեց Ռուսաստանի առաջատար դերը: Քաղաքացիները կարծում են, որ ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել իր երկիրն ու արտերկրի ռուսալեզու բնակչությանը տարբեր թշնամիներից»,-ասել է Պիպիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---