Թուրքիայի իշխանությունները, մտահոգված լինելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հեռանկարով, մտադիր են մի խումբ քաղաքական գործիչների գործուղել Վաշինգտոն՝ երաշխիքներ ստանալու համար, որ բանաձևը չի ընդունվի:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկն արդեն Վաշինգտոնում է և մարտի 25-ին հանդիպելու է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ: Բացի այդ, մինչև ապրիլի 24-ը Վաշինգտոն կայցելի նաև ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես հայտնել է թուրքական ԱԳՆ ներկայացուցիչը, Անկարան ու Վաշինգտոնն արդեն համաձայնեցրել են այցը, մնացել է միայն հստակեցնել ժամկետները, հայտնում է Armenia Today-ը:
Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում բանաձև են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին: «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը, հայտնում է France Press-ը:
Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
Ինչպես ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:
Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:
Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,-ասել է նա:
Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:
Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: