Դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 9-ը ՀՀ-ում կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Նախագծի հեղինակներն են Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը, հայտնում է Panorama.am-ը:

ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը մարտի 24-ին նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ըստ հեղինակների, այս փոփոխությամբ կհարգվի բոլոր ցեղասպանությունների զոհ դարձածների հիշատակը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով»,-ասվում է փաստաթղթում:

Մարտի 24-ին միաձայն ընդունվել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Դրանում նշված է՝ ՀՀ ԱԺ-ն, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946-ի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948-ի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968-ի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը:

Հայտարարությունը հիմնավորվում է փատով, որ 1948-ին ՄԱԿ-ը ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն:

Նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագիծը կազմելիս առաջնորդվել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով:

«Սա կլինի մեր ներդրումը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում»,- ասել է նա և ավելացրել, որ այս նախագիծը նոր չի մշակվել՝ սկիզբը դրվել է Վահան Հովհաննիսյանի հետ՝ չորս տարի առաջ:

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---