ԳՆ. Գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 325 դրամով, հողօգտագործողներին տրամադրվել՝ 130-ով

ԳՆ. Գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 325 դրամով, հողօգտագործողներին տրամադրվել՝ 130-ով

PanARMENIAN.Net - Պետական օժանդակության ծրագրերով 2015-ին գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր՝ մարտի 25-ին, Մասիսում գտնվող պահեստից ուղարկվել է Շիրակի և Արագածոտնի մարզեր, հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եվս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է տեղական սերմարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից: Գարնանացան սերմացուի վերջին խմբաքանակը ներմուծվել է մարտի 20-ին:

Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015-ի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:

«Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով, տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով, տրամադրվել է 370 դրամ»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը:

Նրա խոսքով` մարզերի կողմից սահմանված կարգով ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, համաձայն պայմանագրերի, սերմացուն հատկացրել է մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում:

Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

Փետրվարի 5-ի Կառավարության նիստում նախագիծ էր ընդունվել՝ գարնանացան աշխատանքների ընթացքում սերմացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով Ռուսաստանից ներկրել 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմացու: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել էր ծրագրի իրականացումը պահել հսկողության տակ, որպեսզի սերմացուն ժամանակին ներմուծվի և տրամադրվի գյուղացիներին: «Դեռևս ունենք չսպառված սերմացու, արդեն սկսել ենք ներկրելու աշխատանքները, այստեղ խնդիր չունենք: Աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- ասել էր գյուղանախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---