ՀՀ չորս մարզում` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում, 2013-ի հունվարից «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ Օգնության Միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը: Այն ներառում է տարրեր, որոնց հիմքում անօրինական միգրացիայի կանխարգելումն ու վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորություն ընձեռելն է:
Ծրագրի ռազմավարության համաձայն, Հայաստանի հարավային մարզերում` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ, որոնք առօրյա գործունեության ընթացքում համալիր աջակցություն կցուցաբերեն ինչպես պոտենցիալ, այդպես էլ վերադարձած միգրանտներին: Պոտենցիալ միգրանտների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, իսկ վերադարձողներին տրամադրվում նաև բիզնես դրամաշնորհներ: «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում միգրացիոն խնդիրների վերաբերյալ պետական մարմինների, լրագրողների և հասարակության իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպվում է լրատվական քարոզարշավ:
Ծրագրի շրջանակում վերադարձած միգրանտներից մոտ 155-ը մասնակցել են հատուկ դասընթանցերի, որոնց ընթացքում սովորել են՝ ինչպես կազմել հաջող բիզնես առաջարկներ: Այնուհետև նրանցից 75-ը մասնակցել են մրցույթին՝ սեփական գաղափարների համար ֆինանսավորում ստանալու նպատակով: Դրա արդյունքում 16 լավագույն բիզնես գաղափարը դրամաշնորհ է ստացել, ստեղծվել է 55 նոր աշխատատեղ:
Հաջողվել է ընկերություն հիմնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը, անասնապահությունը, ջերմոցային տնտեսությունը, մեղվապահությունը, կահույքագործությունը, թեթև արդյունաբերությունը, տրանսպորտային ծառայությունները, սպասարկման ոլորտն և հացաբուլկեղենի արտադրությունը: