Ռուսաստանը նախաձեռնել է ՄԱԿ ԱԽ նիստ Եմենում իրավիճակի վերաբերյալ![]() 4 ապրիլի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ կքննարկվեն Եմենի տարածքում ռմբակոծությունների ժամանակ հումանիտար դադարների «պարտադիր պահպանման» անհրաժեշտությունը: Ավիահարվածները իրականացնում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Այդ մասին ապրլի 3-ին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը, հայտնում է vesti.ru-ն: «Ռուսաստանը նախաձեռնում է ՄԱԿ ԱԽ խորհրդակցություն, որի նպատակն է քննարկել «հումանիտար դադարի» պահպանման անհրաժեշտությունը Եմենի դեմ ավիահարվածների հարցում»,-ասել է Զայցևը: Ըստ նրա, ԱԽ հանդիպումը կկայանա Նյու Յորքի ժամանակով 11:00-ին (Մոսկվայի ժամանակով 18:00) և կանցնի փակ ռեժիմով: Ռուսաստանից հանդիպմանը կմասնակցի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Արդեն մեկ շաբաթ է Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան ռազմական գործողություն է վարում հուսիթների «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ, որոնք վերահսկում են երկրի մեծ մասը, այդ թվում մայրաքաղաք Սանան: Գործողության նպատակն է ստիպել հուսիթներին և նրանց կողմնակիցներին վերադարձնել իշխանությունը նախագահ Աբդ Ռաբբ Հադիին և կառավարությանը, որոնք հեռացվել են իշխանությունից: Հադին այժմ գտնվում է Եմենի սահմաններից դուրս: Ավելի վաղ շիա խռովարար հուսիթները հարձակում գործեցին Եմենի Ադեն քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսության վրա: Հյուպատոսության շենքը թալանվեց, դուրս բերվեց այն ամենն, ինչ գոնե փոքր արժեք ուներ: Ապստամբները բեռնել են թալանված տեխնիկան և թղթապանակներով փաստաթղթերը մեքենաներն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ հյուպատոսության աշխատակիցներն ու ՌԴ քաղաքացիները տարհանվեցին երկրից: Եմենը վաղուց արդեն ապաստան էր դարձել ծայրահեղական իսլամիստների համար թույլ կենտրոնական իշխանությունների և դժվարհասանելի վայրերի պատճառով: Վերջին տարիներին երկրում բազմաթիվ էին ահաբեկչական գործողություններն ու դիվերսիաները, որոնց թիրախը հաճախ օտարերկրացի զբոսաշրջիկներն էին, դիվանագիտական առաքելություններն ու դրանց աշխատակիցները, անվտանգության ուժերն ու ենթակառուցվածքները, հիմնականում նավթային: Հուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մասնակցել է արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |