ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը շախմատի Ամերիկայի առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստին, հայտնում է Արցախպրեսը:
ԱՄՆ առաջնության 3-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով հաղթել է Ուեսլի Սոյին: Սա Սևյանի առաջին հաղթանակն էր առաջնությունում, մինչև այս նա առաջին տուրում զիջել է Վարուժան Հակոբյանին, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել Գատա Կամսկու հետ: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր:
ԱՄՆ առաջնությունում հանդես եկող Վարուժան Հակոբյանն երրորդ տուրում կիսեց միավորը Տիմուր Գարիևի հետ: Հակոբյանն ունի 1,5 միավոր: ԱՄՆ առաջնությունը բաղկացած է 11 պարտիաներից: Մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստներ:
2014-ի նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում:
Սամվել Սևյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Քորնինգեն քաղաքում: Սևյանը շախմատ է խաղում 5 տարեկանից, տանը նրան օգնում է հայրը: Նա նաև հեռահար մեթոդոով մարզվում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մարտիրոսյանի մոտ:
9 տարեկանում Սևյանը լրացրեց սպորտի վարպետի նորման: 12 տարեկան և 10 ամսականում նա հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետը:
Ինչպես նշում է շախմատիստի հայրը՝ Արմեն Սևյանը, այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից: