8  07.04.15 - Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը խուզարկում են

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածով. Խուզարկություններ «Հիմնադիր խորհրդարանում» և 5 ձերբակալված

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածով. Խուզարկություններ  «Հիմնադիր խորհրդարանում» և 5 ձերբակալված

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

Ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցներ, իրավապահները հրաժարվել են տրամադրել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ՝ արգելելով «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացնում Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Որոշ ժամանակ անց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունից հայտնել են, որ իրավապահները բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբորը, Պավել Մանուկյանին։

Բերման են ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի Վանաձորի, Կապանի գրասենյակի ղեկավարները, «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը, Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը, իսկ գրասենյակում խուզարկություն է իրականացվել:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թ. ապրիլի 24-ին ՀՀ տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի», - նշված է հաղորդագրությունում, - «Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն»:

Այս քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

 Ուշագրավ
---