7 ապրիլի 2015 - 18:50 AMT
12-ամյա կրթությունը` պարտադիր. ԿԳ նախարարը նորից ԱԺ կհրավիրվի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում քվեարկության է դրել «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկել է հետաձգել օրենքի քվեարկությունը, քանի որ պետք է գրավոր տեքստին ծանոթանալ և դրանից հետո միայն քվեարկել:

«Սա կարևոր օրենք է և պետք է տեքստը բերվի Քրիստոսի տեսքի, ապա նոր քվերակության դրվի: Պետք չէ նման հիմնարար օրենքն այդ ձևով անցկացնել», ասել է նա, գրում է Panorama.am-ը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ օրենքը չպետք է պարտադիր լինի. «Անընդունելի է 19-ամյա պատանուն պարտադրել 12-ամյա կրթություն ստանալ: Այս պարտադիրի գաղափարը պետք է հանել»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ նախագիծը լուրջ հակասություններ ունի, ուստի ԲՀԿ-ն առաջարկում է հետաձգել քվեարկությունը և նորից քննարկել շահագրգիռ կողմերի հետ. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կայացած չեն ավագ դպրոցները, և եթե ինչ-որ մեկը կասի, որ մենք ունենք կայացած ավագ դպրոց, դա բացահայտ և բացարձակ դեմագոգիա կլինի: Այս պայմաններում գնալ ռադիկալ ռեֆորմի, դրա հետևանքները լինելու են անկանխատեսելի: Եթե չեք հետաձգում քվեարկությունը, որպեսզի շահագրգիռ կողմի հետ ևս մեկ անգամ քննարկեն հարցը ու գտնեն փոխզիջումային տարբերակներ, ուրեմն` ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ փոփոխությանը»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես առաջարկել է հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա, և այդ ընթացքում ևս մեկ անգամ քննարկել հարցը:

Գ.Սահակյանը հանձնարարել է Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, քննարկել հարցը ևս մեկ անգամ, և վաղը միայն հարցը դնել քվեարկության:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 26-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակել կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Նախագծով պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը: Նախարարը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել

«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- բացատրել է նախարարը և հավելել, որ մասնագիտական կրթությունը լինելու է անվճար: Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը: