Իրավիճակը Հարավային Կովկասում թեժանում է, աճում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության վերսկսման հավանականությունը»,-գրում է միջազգային հարաբերությունների փորձագետ Ջեկ Մալքեյը հոդվածում, որը հրապարակվել է The National Interest-ի կայքում:
Հեղինակը գրում է, որ 1900-ականների սկզբին ազգամիջյան լարվածությունը քրիստոնյա հայերի և մահմեդական ադրբեջանցիների միջև վերաճեց պատերազմի, որտեղ հաղթեց հայկական կողմը: Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է: Առավելապես հայաբնակ ԼՂՀ-ն ապրում է Հայաստանի աջակցությամբ: Չնայած հրադադարի մասին համաձայնագրին` պատերազմն այդպես էլ չդադարեց և Ադրբեջանը դեռևս, մեղմ ասած, «բուռն կերպով վիճարկում է» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ Հայաստանն, իր հերթին, մտադիր չէ հրաժարվել «գեթ մեկ թիզ հողից»:
Հոդվածում ասվում է, որ երկու կողմերը բավականաչափ վերազինվել են պատերազմից հետո: Պատերազմի թեժ փուլից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել հաճախակի դարձած հարձակումների և փոխհրաձգության հետևանքով: 2014-ի ամառվանից գրեթե ամեն օր նման վտանգավոր բախումներ են արձանագրվում: 2014-ի նոյեմբերին ադրբեջանական ուժերը խոցեցին Մի-24 հայկական ուղղաթիռը, որից հետո բախումներ եղան, երբ հայերը ձեռնարկեցին անձնակազմի անդամների դիերի տարհանումը չեզոք գոտուց: 2015-ի հունվարի 31-ին ԼՂ ՊԲ-ն կանխարգելիչ գործողությունների արդյունքում գրոհեց ադրբեջանական դիրքերը և մի շաքր ադրբեջանցի զինվորների ոչնչացրեց:
Հեղինակը նշում է, որ վերջին տարիներին ադրբեջանական կողմը զգալիորեն ավելացրել է ռազմական ծախսերը, այդ միտումը չի նվազում, չնայած նավթի գների անկմանն աշխարհում: Վերջին տարիներին Իսրայելը Ադրբեջանի սպառազինման հարցում նրա կարևոր գործընկերներից էր, Ադրբեջանը իսրայելական արտադրության անօդաչու մի քանի սաքր ձեռք բերեց:
Հայաստանի ծախսերը ևս վկայում են, որ հայկական կողմը նույնպես կանխատեսում է պատերազմի վերսկսման հավանականությունը: Հայաստանն ու Ռուսաստանը չեն հրապարակում «Իսկանդեր» համակարգերի ձեռք բերումը, որոնք թույլ են տալիս Հայաստանին խոցել ադրբեջանական ինքնաթիռներն Ադրբեջանի տարածքում: 2012-ից Հայաստանը նաև զգալի միջոցներ է ներդրել ՌԴ-ից նորացված զրահատեխնիկա և հրետանի ձեռք բերելու համար, որի մեծ քանակներ ունի, ինչպես նաև մշակել սեփական արտադրության անօդաչու սարքեր:
Հեղինակը նշում է նաև հայկական կողմի համար շահավետ տեղանքն ու պաշտպանական դիրքերը: «Ղարաբաղի բոլոր գլխավոր ճանապարհները, բնակավայրերը, ջրի ու էլեկտրաէներգիայի աղբյուրները հայկական ուժերի հսկողության տակ են: Դրանց հասնելու համար, ադրբեջանական բանակը ստիպված է լինելու անմատչելի լեռներով անցնել, որոնք լավ ամրացված են հայ զինվորների լավ կահավորված դիրքերով: Ղարաբաղի հյուսիսում հայկական կողմին կարելի է հասնել միայն խստաշունչ Օմարի լեռնանցքով: Արևելքից Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին հասնելու համար ադրբեջանական բանակին հարկ կլինի անցնել լեռների միջի նեղ կիրճով, որի լայնությունը ընդամենը 2,5 կմ է Ասկերան քաղաքի մոտ: Այդ աշխարհագրական արգելքները շատ բարդ է հաղթահարել: Ղարաբաղը ջուր և էլեկտրաէներգիա է ստանոմ Սարսանգի ջրամբարի վրա կառուցած հրդրոէլեկտրակայանից, իսկ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող գլխավոր ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Երկու ռազմավարական կետերը անհասանելի են Ղարաբաղում ադրբեջանցիների ցանկացած հիպոթետիկ գործողությունների դեպքում»,-ասվում է հոդվածում: Հայկական կողմն արդեն վերահսկում է այն տարածքը, որն ուզում էր, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կանոնավոր կերպով ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս` վիրավորանքներ տեղալով Հայաստանի հասցեին» և խոստանալով, որ իր երկիրը կգրավի Լեռնային Ղարաբաղը: Շփման գիծը Լեռնային Ղարաբաղում գնալով ավելի վտանգավոր է դառնում»,-եզրակացնում է հեղինակը, հայտնում է Panorama.am-ը: