The New York Times-ի թղթակիցը՝ Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում. Արցախի մասին հոդված էր գրել![]() 10 ապրիլի 2015 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունն ամերիկյան The New York Times թերթի թղթակից Սեթ Կուգելին մեղադրում է «Պետական սահմանի մասին» Ադրբեջանի օրենքը խախտելու համար: Լրագրողն այցելել է Արցախ և նյութ պատրաստել «Կովկասյան լեռներում ջերմ ընդունելության» մասին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե The New York Times-ում հրապարակված նրա հոդվածն «անարգանք է լսարանի և ադրբեջանցի փախստականների համար», ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հղումով գրում է Tert.am-ը: Նա հոդվածագրին մեղադրել է հայկական լոբբիի պատվերը կատարելու համար։ Հաջիևը հայտարարել է, որ Սեթ Կուգելի անունն անցանկալի անձանց «սև ցուցակում» է հայտնվել։ Հոդվածում հեղինակը պատմել է Լեռնային Ղարաբաղում անցկացրած իր արձակուրդի մասին. «Արևմուտքում Հայաստանի հետ հանդարտ սահմանն է, իսկ արևելքում՝ սահմանն Ադրբեջանի հետ, որտեղ մշտապես կրակում են դիպուկահարները, իսկ որոշ ժամանակ առաջ ուղղաթիռ էր խոցվել։ Լեռնային Ղարաբաղի դժվարին պատմությունը սկսվում է դարերի խորքից։ Ամենավերջինը 1990-ականների սկզբի դաժան պատերազմն էր, որի ընթացքում հայաբնակ տարածքը հռչակեց իր անկախությունը։ Չնայած ԼՂ-ն ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված չէ, սակայն հանրապետությունում ունեն սեփական դրոշն ու կառավարությունը՝ սերտորեն կապված Հայաստանի հետ»: Հեղինակը նշում է, որ տարածաշրջանը զբոսաշրջության համար լայն հնարավորություններ ունի և ապահով գոտի է համարվում ճանապարհորդների համար։ Կուգելը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունը զբոսաշրջիկների համար ձեռնտու է բյուջեի առումով։ Ինքն անձամբ ծախսել է 100 ԱՄՆ դոլար, ինչի կեսը կազմել են տրանսպորտային ծախսերը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նաև արտասահմանյան լրատվամիջոցների՝ Ադրբեջանի տարածքում լրագրողական գործունեություն ծավալելու համար հավատարմագրման կարգը՝ սահմանելով նախապես ներկայացվելիք փաստաթղթերի ցանկ: Իսկ այն դեպքում, եթե լրագրողների հրապարակումներն ուղղված լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, հետաքրքրությունների դեմ, այցեր լինեն ՀՀ կողմից «օկուպացված ադրբեջանական» տարածքներ առանց Ադրբեջանի ԱԳՆ թույլտվության, նրանց հավատարմագրումը չեղյալ կհամարվի: Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |