Հայտնի են դարձել աշխարհի ամենահավատացյալ երկրները, գրում է The Telegraph-ը WIN/Gallup International-ի հարցման վրա հղումով: Պարզվել է նաև, որ Երկիր մոլորակի բնակչության 2/3-ն իրեն հավատացյալ է համարում: Հետազոտմանը մասնակցել է մոտ 64 հազար մարդ 65 երկրից:
Ամենահավատացյալ երկիրը Թաիլանդն է, որի բնակիչների 94 տոկոսն իրեն հավատացյալ է համարում, 1 տոկոսը` աթեիստ: Երկրորդ հորիզոնականում են Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանն ու Մարոկկոն 93-ական տոկոսով:
Հավատացյալների ամենաքիչ քանակով երկրների թվում են հայտնվել Նիդերլանդները` 26 տոկոս, Չեխիան `23 տոկոս, Շվեդիան` 19 տոկոս, Ճապոնիան` 13 տոկոս և Չինաստանը` 7 տոկոս:
Ռուսաստանում իրեն հավատացյալ է համարում հարցման մասնակիցների 70 տոկոսը, ևս 18 տոկոսը չի համարում իրեն հավատացյալ, 5 տոկոսը` իրեն երդվյալ աթեիստ է համարում, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել, հայտնում է Գազետա.ռու-ն:
Քրիստոնեությունը դեռևս մնում է առաջատար համաշխարհային կրոնը հետնորդների քանակի առումով, սակայն իսլամը շուտով կարող է հասնել այդ ցուցանիշին:
Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Նման կանխատեսում կա Վաշինգտոնի Պիուի անվան հետազոտական կենտրոնի մասնագիտական բաժանմունքի հրապարակած զեկույցում: Ըստ փաստաթղթի, 2010 թ. տվյալներով, աշխարհում մոտ 2,2 մլրդ քրիստոնյա կա: Նրանք կազմում էին երկիր մոլորակի բնակչության 31 տոկոսը: Մահմեդականների ցուցանիշը շատ ավելի նվազ էր՝ 1,6 մլրդ մարդ կամ 23 տոկոս:
Սակայն իսլամի հետնորդները բնակվում են մոլորակի ժողովրդագրական դինամիկ աճ ունեցող տարածաշրջաններում: Ըստ ամերիկացի մասնագետների, 2050-ին նրանց ընդհանուր քանակը կավելանա 73 տոկոսով՝ քրիստոնյաների 35 տոկոսի դիմաց: Արդյունքում մոլորակի բնակիչների 9,3 մլրդ-ից 2,8 մլրդ մահմեդականներ են, 2,9 մլրդ-ը՝ քրիստոնյաներ: Ի դեպ, քրիստոնյաների մոտ 40 տոկոսն ապրելու է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ: