Պուտինը Վատիկանի և Թուրքիայի բանավեճի մասին. Պապը տիրապետում է թեմային, որի մասին խոսում է

Պուտինը Վատիկանի և Թուրքիայի բանավեճի մասին. Պապը տիրապետում է թեմային, որի մասին խոսում է

PanARMENIAN.Net - Պատասխանելով լրագրողների հարցերին «ուղիղ կապից» հետո` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան ու Վատիկանը կհարթեն լարվածությունը, որն առաջացել է Հռոմի պապի Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո:

«Չեմ ցանկանում միջամտել Պապի և Թուրքիայի բանավեճին: Պապերն այնքան հեղինակավոր մարդիկ են: Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում աշխարհում, որ նա կկարողանա միջոց գտնել բացատրվելու մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Նա անկեղծ մարդ է և տիրապետում է թեմային, որի մասին խոսում է»,-հայտարարել է Պուտինը:

Նախագահը հույս է հայտնել, որ թուրք քաղաքական գործիչները խելամիտ կգտնվեն. Նրանք «բավականաչափ խելացի ու ճկուն են ամեն ինչ պարզաբանելու և, եթե կան խնդիրներ, դրանք լուծելու համար»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---