CNN-ի պատասխանը Չավուշօղլուին. Ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքը

CNN-ի պատասխանը Չավուշօղլուին. Ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հայտնի CNN հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել էր 1915թ-ի իրադարձությունների մասին և նշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի համարել «Ցեղասպանություն»:

Ապրիլի 24-ին CNN-ը հրապարակել է հոդված, որում հակադարձել է թուրք արտգործնախարարի հնչեցրած կարծիքներին` մեջբերելով Հայոց ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքներ, հայտնում է Panorama.am-ը:

Հոդվածում նշվում է, որ որոշ թուրք քաղաքական գործիչներ սարսափում են Ցեղասպանության ճանաչման հեռանկարից, քանի որ կարծում են, թե դրան կհետևեն մեծ պահանջներ: Մեջբերելով Ցեղասպանության մասին թեր և դեմ հիմնական կարծիքները` CNN-ը, որպես պատասխան, մեջբերել է մի քանի հանգամանքներ, որոնք լույս կսփռեն 1915թ-ին տեղի ունեցած իրադարձությունների վրա:

Հոդվածում մասնավորապես ասվում է.

1. «Ի՞նչ է նախորդել 100 տարի առաջ տեղի ունեցած զանգվածային կոտորածներին: Օսմանյան կայսրությունը, որն այդ ժամանակ նոր էր մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ և Գերմանիայի ու Ավստրոհունգարիայի դաշնակիցն էր, մտավախություն ուներ, որ իր տարածքում ապրող հայերը կարող են աջակցել հակառակորդ ռուսական զորքերին: Ռուսաստանը վաղուց էր ցանկանում վերահսկողություն սահմանել Կոստանդնուպոլսի (ներկայիս Ստամբուլ) նկատմամբ, որը թույլ կտար տիրապետող դիրք գրավել Սև ծովում:

2. «Որքա՞ն էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերի թիվը զանգվածային կոտորածների սկսվելու պահին: Բազմաթիվ պատմագետներ համարում են, որ հայերի թիվը կազմում էր մոտ 2 միլիոն: Այնուամենայնիվ, 1918թ-ին դեպի Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ Օսմանյան զորքերի կողմից կոտորվել է նաև այս տարածքում բնակվող 1,8 մլն. հայերի մի մասը:

3. «Ինչպե՞ս են սկսվել զանգվածային ջարդերը: 1914թ-ին Օսմանյան իշխանություններն արդեն հայերին համարում էին երկրի անվտանգության սպառնալիք: 1915թ-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում (կայսրության մայրաքաղաքում) ավելի քան 250 հայ մտավորականներ ու համայնքի առաջնորդներ ձերբակալվում են, որոնց մեծ մասը հետագայում մահապատժի է ենթարկվում կամ բռնագաղթեցվում է:

4. Քանի՞ հայ է սպանվել այդ կոտորածների ընթացքում: Սա տարակարծությունների հիմնական պատճառն է: Կարծիքները տատանվում են 300 հազարից 2 միլիոնի սահմաններում, որոնք սպանվել են 1914-1923թթ-ի ընթացքում: Ընդ որում, բոլոր զոհերը Օսմանյան կայսրության տարածքում չեն սպանվել: Ամեն դեպքում, զոհերի թվաքանակի վերաբերյալ հիմնական տարբերակները, այդ թվում Օսմանյան իշխանությունների կողմից ընդունված թիվը` 800 հազար, տեղավորվում են 600 հազարից 1,5 միլիոնի սահմաններում: Կոտորածների հետևանքով Թուրքիայի հայ բնակչության թվաքանակը 1914թ-ին 2 մլն.-ից 1922թ-ին հասավ 400 հազարի:

5. Ինչպե՞ս են նրանք զոհվել: Կարելի է ցանկացած տարբերակ երևակայել: Մինչ վեճեր են ընթանում սպանվածների թվաքանակի շուրջ, բազմաթիվ արխիվային լուսանկարներ պատկերում են օսմանյան զինվորներին` հայերի կտրված գլուխների ու ցեխի մեջ նետված գանգերի ֆոնի ներքո: Ինչպես հաղորդվում է, զոհերին զանգվածաբար այրում էին, թունավորում, խեղդում, տանջում, սովամահության դատապարտում: Հայտնի են դեպքեր, երբ երեխաներին նստեցնեում էին նավեր, դուրս բերում բաց ծով և այնտեղ նետում ջրի մեջ` խեղդվելու: Բռնաբարությունը հաճախ տեղի ունեցող երևույթ էր: Բացի այդ, ինչպես հաղորդվում է «armenian-genocide.org» կայքը` հայ բնակչության հսկայական հատված բռնագաղթվել է Անատոլիայից դեպի Սիրիա, որտեղ նրանց քշել են անապատ` ծարավից ու սովից մահանալու»:

6. «Արդյո՞ք Ցեղասպանությունը հանցագործություն էր համարվում այդ կոտորածների ժամանակ: Ոչ: Այդ ժամանակ «Ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ, առավել ևս այն չէր հանդիսանում միջազգայնորեն քրեականացված հանցագործություն: «Ցեղասպանություն» տերմինը 1944թ-ին շրջանառության մեջ է մտցրել լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը` նկարագրելու համար նացիստների կողմից հրեաների բնաջնջումը Եվրոպայում: Ցեղասպանությունը միջազգայնորեն քրեականացվեց 1948թ-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայով, որը սահմանում էր այս եզրույթը որպես գործողություն, որը միտված է ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել որևէ ռասսայական, էթնիկական կամ կրոնական հանրույթի:

7. «Ովքե՞ր են հայերի զանգվածային կոտորածները համարում «Ցեղասպանություն»: Հայաստանը, Վատիկանը, Եվրոպայի Խորհրդարանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան: Ակնկալվում է, որ Գերմանիան ևս միանալու է այս խմբին»:

8. «Ովքե՞ր չեն համարում այս կոտորածները «Ցեղասպանություն»: Թուրքիան, Եվրոպական հանձնաժողովը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի ենթահանձնաժողովներից մեկը 1985թ-ին կոտորածները որակել է «Ցեղասպանություն», սակայն ներկայիս գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հրաժարվում է կիրառել այդ բառը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---