Fox News. Հայոց ցեղասպանությունը... ցեղասպանություն էր![]() 24 ապրիլի 2015 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Մեկ դար առաջ առնվազն 1 միլիոն հայի կոտորածն այս կամ այն կերպ կոչելու տխրահռչակ վեճը ծուղակի մեջ է գցել իմ կողմից հարգելի երկու ազգերին՝ հայերին և թուրքերին: Երկուսն էլ հպարտ են, երկուսն էլ տառապել են և երկուսն էլ կարող են անտանելի լինել, երբ զայրացած են: Սակայն այս հարցում իշխում են փաստերը. Օսմանյան կայսրությունից տառապած հայերն իսկապես ցեղասպանություն են ապրել, ArmenianGenocide100.org-ի փոխանցմամբFox News-ի ռազմական վերլուծաբան Ռալֆ Փիթերսն է գրել ամերիկյան պարբերականում հրապարակված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված հոդվածում: «Այստեղ հնարավոր չէ փոխզիջման գնալ: Սակայն ես կցանկանայի, որ այդպես լիներ, որովհետև սա տարօրինակ կերպով անձնական հարց է ինձ համար: Տանս թուրքական գորգերի վրա կախված են հայկական նկարները: Ես հիացած էի միաժամանակ և՛ Թուրքիայով, և՛ Հայաստանով: Վերջինիս առաջին անգամ տեսել եմ քառորդ դար առաջ, երբ բանակային մի սպայի հետ անցնում էինք խորհրդային ներքին սահմաններից մեկով, և հայերը պաշտպանեցին մեզ: Ես վերադարձա Արցախյան պատերազմի ժամանակ՝ կորուստների և հիասթափության ժամանակաշրջանում, և հետագայում այստեղ եղել եմ նաև պատերազմի ավարտից հետո», - գրել է Փիթերսն ու ավելացրել, որ Ստամբուլում առաջին անգամ եղել է 1979 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ Թուրքիայում անգամ թուրքական սուրճ գնել հնարավոր չէր. «Այս քաղաքը գրավել էր ինձ: Ես դեռ կարծում եմ, որ Ստամբուլն աշխարհի ամենաանսպառ հետաքրքրություններով քաղաք է: Կնոջս հետ մեղրամսի ժամանակ ավտոբուսով Բոսֆորից հասել էինք պարսկական սահմանի, որտեղ Արարատ լեռը նշմարվում է հյուսիսից: Ես հայերի համար սուրբ Արարատը տեսել էի նաև Երևանից հարավ նայելիս: Լեռն այնքան մոտ է Հայաստանի մայրաքաղաքին, որ, թվում է, կարող եք ցատկոտել նրա լանջերին: Սակայն այն սավառնում է թուրքական սահմանից անդին՝ աշխարհի առաջին քրիստոնեական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակների կողքին»: Այդ հողերում չափազանց շատ ողբերգություն կա: Միայն հիմարներն ու դեմագոգները են բավականություն ստանում հին ատելություններից այն դեպքում, երբ կան շատ նորերը, նկատել է հեղինակը և ավելացրել.«Սակայն հայերի՝ երկար ամիսների կոտորածները որակելիս ոչինչ այդպես բովանդակալից չի նկարագրում վավերագրված փաստերը, որքան ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը հավասար է ԱՄՆ-ի՝ ժամանակին երկրում ստրկության առկայության հերքմանը: Բերվածս համեմատության իմաստն այն է, որ կառավարությունները սխալներ են թույլ տալիս: Միակ ճշմարտությունը, որի հետ համաձայն են և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները, և՛ հրեաները, այն է, որ Աստված կատարյալ է»: Մարդիկ մոլորվում են՝ հաճախ վախենալու աստիճանի: Թուրքիայի այն պնդումը, որ ոչ մի ցեղասպանություն տեղի չէր ունեցել, երկարաձգում է դառնությունը, որը ոչ մեկի օգտին չէ, նշել է հեղինակը՝ հավելելով, որ երիտթուրքերի կառավարությունը, որը 100 տարի առաջ հովանավորել էր այդ կոտորածները, պետք էր ինչ-որ մեկին մեղադրեր պատերազմական գործողությունների համար: Եվ երբ իշխանություններին քավության նոխազներ պետք եկան, ազգային փոքրամասնությունները դարձան անխուսափելի զոհերը: Երիտթուրքերը մեղադրեցին քրիստոնյա հայերին ռուսական զավթիչների հինգերորդ շարասյանը մասնակցություն ունենալու համար, և ճակատամարտի արդյունքում օսմանյան համազգեստով տասնյակ հազարավոր տեղացի հայեր մահացան իրենց ընկերների ձեռքից: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Դեմագոգների արձակած հրամաններով թուրքերը հարձակվեցին հայերի վրա՝ սպանելով հարևաններին, կողոպտելով տները, առևանգելով նրանց երեխաներին, իսկ փրկվածներին ուղևորելով հարավ-արևելք՝ դեպի անապատ: Դիերը լցնում էին գետերը, իսկ ճանապարհի եզրերին շարված էին ոսկորներ: Քրդերը, որ մինչ այդ հայերի հետ խաղաղ պայմաններում էին ապրում, հարձակվել էին փախստականների վրա, սպանում էին տղամարդկանց և առևանգում կանանց: Բոսորագույն ատելությունը կլանեց դարեր շարունակ կողք կողքի ապրող բնակչությանը: «Սա առասպել չէ: Ոչ էլ հակաթուրքական քարոզչություն: Մենք ունենք բազում ականատեսների արձանագրություններ. դրանք գրված են ապշած ամերիկացի միսիոներների, շոկահարված արտասահմանյան հյուպատոսների և թուքրերին խորհուրդներ տվող գերմանացի սպաների ձեռքով: Նահատակված հայերի համար երբեք էլ արդարադատություն չի լինի: Սակայն կարող է լինել ճշմարտություն: Ժամանակակից թուրքերի համար ամոթալի չէ ընդունել այդ ճշմարտությունը: Ամոթը այն հերքելն է», - գրել է Ռալֆ Փիթերսը: Ցեղասպանությանը մասնակցած որևէ թուրք կամ քուրդդ այլևս կենդանի չէ: Եվ ոչ բոլոր թուրքերն են հարձակվել իրենց հարևանների վրա. ինչպես կային հրեաներին փրկած գերմանացիներ, այդպես էլ՝ հայերին պաշտպանած թուրքեր և քրդեր: Նրանք նույնպես պատմության մի մասն են: Ցեղասպանությունը նախաձեռնած երիտթուրքերը պարտվել են, խայտառակվել, աքսորվել կամ վաղառժամ մահացել: Այս գլուխն ավարտված է, թուրքերը պետք է շրջեն էջը, նշել է հեղինակը. «Ժամանակակից Թուրքիան տարբերվում է 1915 թվականի Օսմանյան կայսրությունից, ինչպես ժամանակակից Գերմանիան՝ 1939-ի նացիստական Գերմանիայից: Ինչպես գերմանացիներն են վերափոխել իրենց՝ առերեսվելով անցյալին, այդպես էլ այժմ թուրքերի հերթն է ազատվելու հերքման բեռից: Երբ Հիտլերն առաջին անգամ էր շարադրել «Վերջնական որոշումը» իր ջատագովներին, նացիստներից ոմանք ապշել էին: «Ոչ ոք չի հիշում հայերին»,- պատասխանել է Հիտլերը: Նա սխալ էր, սակայն նա, իհարկե, գիտեր Ցեղասպանության մասին: Եթե չեք հավատում Ֆրանցիսկոս Պապին, փորձեք Հիտլերին հավատալ»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |