Սեպտեմբերի 30-ին մեկնարկում են Ֆրանսիայի օրերը Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Շարլ Ազնավուրի համերգով պաշտոնապես կմեկնարկեն Ֆրանսիայի օրերը Հայաստանում: Հոկտեմբեր-նոյեմբերին միջոցառման շրջանակներում կբացվեն «Բոնապարտը Արկոլե կամրջի վրա. Լուվր», «Ժորժ Բրակ` Մագ հիմնադրամ», «Ֆրանսիան լույսերի մեջ», «Ֆրանսահայ նկարիչներ», «Կապույտ անհունը` ծովային անուրջներ Գյումրիի, Երեւանի, Փարիզի եւ Լիոնի միջեւ» ցուցահանդեսները: Երեւանի թատրոններում կցուցադրվեն «Մարիաննայի քմայքները» եւ «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» պյեսները, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Հոկտեմբերի 3-ին կինոթատրոններում կմեկնարկի ֆրանսիական ֆիլմերի փառատոնը, որը կսկսվի Ֆրանսուա Տրյուֆֆոի «Հարեւանուհին» ֆիլմով: Հոկտեմբերի 5-8 կցուցադրվեն ֆիլմեր «Կանայք» շարքից, իսկ հոկտեմբերի 21-26` «Կատակերգություններ» շարքից: Հոկտեմբերի 27-ին Երեւանում կցուցադրվի Պատրիկ Կազալի «Ռուբեն Մամուլյան. Բրոդվեյի եւ Հոլիվուդի ոսկե դարը» վավերագրական ֆիլմը, իսկ հոկտեմբերի 30-ին` «Սերգեյ Փարաջանով` խռովարար» ֆիլմը:



Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է հայազգի ֆրանսիացի դիզայներ Կարին Արաբյանի ցուցադրությունը, իսկ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա Վարդան եւ Գեւորգ Թարլոյանների բարձր նորաձեւության հավաքածուի ցուցադրությունը: Ֆրանսիայի օրերը կավարտվեն նոյեմբերի վերջին, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---