7 մայիսի 2015 - 15:33 AMT
«Չթողնենք, որ կործանվեն». Վաշինգտոնում Ցեղասպանությանը նվիրված նամականիշեր են մարվել

Նոր նամականիշեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով«Հայփոստ» ՓԲԸ-ն մայիսի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մարել է «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» թեմայով մեկ նամականիշ և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. «Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե» թեմայով գեղաթերթիկ` մեկ նամականիշով:

Նամականիշերի մարումն իրականացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը:

Մարումն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի ներկայությամբ:

Նամականիշի վրա պատկերված է «Չթողնենք, որ կործանվեն»Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հանգանակության պաստառը` Ամերիկային շնորհակալություն հայտնող որբերի խորապատկերին:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Հենրի Մորգենթաու» (1 փոստային նամականիշ)

Թողարկման օրը` 06 մայիսի, 2015թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50 000

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի 100-ամյակը» (գեղաթերթիկ 1 նամականիշով)

Թողարկման օրը` 06 մայիսի 2015թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան, Հայկ Դեմոյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 26,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 70,0 x 90,0 մմ

Տպաքանակը՝ 20 000

Հենրի Մորգենթաուն 1913–16 թթ.-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

Մորգենթաուի հոդվածները և գրքերն արժանահավատ վկայություններ են Հայոց ցեղասպանության մասին։ Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։

Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ է ստեղծվում Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն` Ամերկոմը ( American Committee for Relief in the Near East, ACRNE), որը հիմնադրվել է 1915 թ., Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։

Արձագանքելով դեսպան Մորգենթաուի կոչին, որ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքի կարիքավոր բնակչությանը անհապաղ օգնություն տրամադրել, ստեղծվում է մի հատուկ կոմիտե, որը ստանում ԱՄՆ պաշտոնյաների, ներառյալ, նախագահ Վուդրո Վիլսոնի աջակցությունը: Կոմիտեն կարողացավ Պոլսում գտնվող ԱՄՆ դեսպանատան միջոցով գումար և հագուստ տրամադրել կարիքավորներին, որոնց օգնությունը բաշխվում էր շրջաններում գտնվող հյուպատոսների և միսիոներների միջոցով: Մոտավոր հաշվարկով տրամադրվել է 117 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նպաստամատույց կոմիտեի գործունեության շնորհիվ փրկվել են տարածաշրջանով սփռված 132 000 հայ որբեր: