Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հարցի քննարկման տեղափոխումը ՄԱԿ

PanARMENIAN.Net - Հայաստանը ընդունում եւ հարգում է ՄԱԿ-ում որեւէ հարցադրում անելու եւ օրակարգային կետ առաջադրելու յուրաքանչյուր երկրի իրավունքը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով ՄԱԿ-ի 61 նստաշրջանի օրակարգում «ՎՈՒԱՄ մասնակից երկրների տարածքներում ձգձգվող հակամարտությունները» հարցի ընդգրկումը: «Թեեւ ՄԱԿ-ի ընթացակարգով հարցը գլխավոր Ասամբլեայի օրակարգ է մտել, սակայն ՄԱԿ-ի գլխավոր կոմիտեի կողմից տվյալ նախաձեռնության մերժումը եւ գլխավոր Ասամբլեայում քվեարկության արդյունքները (16 կողմ, 15 դեմ) միանշանակ ցույց են տալիս միջազգային հանրության տրամադրվածությունը այս հարցի կապակցությամբ: Նախաձեռնությամբ հանդես է եկել ՎՈՒԱՄ կազմակերպությունը, որի մաս է կազմում նաեւ Ադրբեջանը: Վերջինիս կողմից այդօրինակ հարցադրումը նման ատյանում մեկ անգամ եւս վկայում է, որ այդ երկիրը հետ է կանգնում բանակցությունների սեղանին դրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին առաջարկի մեջ նշված ինքնորոշման իրավունքի եւ ԼՂ կարգավիճակը հանրաքվեով վճռելու դրույթների շուրջ առարկայական քննարկումներից: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը նպատակ է հետապնդում ձգձգել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հեռանկարում ունենալով այն տեղափոխել այլ ատյաններ, ապա դա միանգամայն անընդունելի է Հայաստանի համար: «Այս պարագայում Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի Լեռնային Ղարաբաղի հետ», ասել է Վլադիմիր Կարապետյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---