Լոս Անջելեսի քաղաքային ոստիկանությունը, հրշեջ ծառայությունն ու տրանսպորտի վարչության ներկայացուցիչների նախնական հաշվարկների համաձայն՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հանուն արդարության երթի» մասնակիցների թիվը մոտ 130.000 էր:
Բայց վերոնշյալ մարմինները պաշտոնապես հայտարարել են, որ երթի մասնակիցների թիվն անցել է 160.000-ը, Asbarez-ին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը:
Նման եզրահանգման Լոս Անջելեսի պատմության մեջ ամենամեծ երթից հետո եկել են քաղաքային ոստիկանությունը և տրանսպորտային վարչությունը՝ վերանայելով քաղաքային ուղղաթիռներից տեսագրված կադրերը:
Լոս Անջելեսի տրանսպորտի վարչության Հատուկ ճանապարհային գործողությունների և արտակարգ իրավիճակների արձագանքման ավագ պատասխանատու Արամ Սահակյանը հաստատել է քաղաքային իշխանությունների նոր հաշվարկը:
«Հիանալի աշխատանք էր կատարվել իր տեսակի մեջ ամենամեծ միջոցառման կազմակերպման և իրականացման համար»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանական վարչության պետ Դեյվ Սթորեյքերը:
«Կցանկանայինք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել քաղաքային և շրջանային իշխանություններին և գերատեսչություններին, ինչպես նաև «Հանուն արդարության երթին» եկածներին»,- ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ամերիկայի Արևմտյան Նահանգների հանձնաժողովի համանախագահ Թալի Յակուբյանը:
Նույն օրը Լոս Անջելեսի հրապարակներից մեկը վերանվանվել էր «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»: Այն գտնվում է Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում:
Լոս Անջելեսում հայերը բնակվում են դեռ 19-րդ դարավերջից։ Համայնքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևմտյան, ինչպես նաև Արևելյան Հայաստանից ԱՄՆ են գաղթել բազմաթիվ հայեր։ Նրանց թիվն ավելացել է Երկրորդ համաշխարհայինից հետո և այժմ էլ շարունակվում Է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից ու Հայաստանից։ 2001-ին Լոս Անջելեսի քադաքապետարանի որոշմամբ Հոլիվուդի մի թաղամաս կոչվել Է «Փոքրիկ Հայաստան»): 2003 թվականի տվյալով Լոս Անջելեսում և շրջակա քաղաքներում (Մոնթեբելո, Գլենդել, Փասադենա, Հոլիվուդ, էնսինո, Բևեռլի Հիլզ, Սանտա Մոնիկա) բնակվում է մոտ 600.000 հայ։ Լոս Անջելեսի համայնքն ամենահայաշատն է ԱՄՆ-ում։