12 մայիսի 2015 - 15:22 AMT
Ամերիկացի լրագրողը քարթրիջով աշխատող ռետրո խաղային սարքեր կարտադրի

Քարթրիջով աշխատող խաղային սարքերը վաղուց արդեն հիշողություն են դարձել: Նման տիպի վերջին տնային խաղային կոնսոլը Nintendo 64-ն էր, որն արտադրվել է 1996-2002 թթ.: Սակայն այն տարիներին այն տառացիորեն «ոչնչացվեց» մեծ տարածում ստացած Sony PlayStation-ի կողմից, որի արդյունքում Nintendo-ի բոլոր մրցակիցներն անցան խոստումնալից CD կրիչների, ինչն էլ հանգեցրեց քարթրիջով աշխատող խաղային սարքերի անհետացմանը:

Սակայն ամերիկացի լրագրող և Retro Magazine հանդեսի գլխավոր խմբագիր Մայք Քենեդին որոշել է փոխել իրավիճակը և վերադարձնել այն ժամանակները, երբ խաղերը թողարկվում էին քարթրիջներով: Նա սկսում է սեփական խաղային Retro Video Game System սարքի և մի քանի խաղերի թողարկումը: Օգտագործվելու են USB-հսկիչներ, ինչպես նաև 9-փինանոց շտեկերով դասական գեյմփադեր, որոնք օգտագործվել են Atari 2600 և Sega Genesis սարքերում (Հայաստանում դրանք հայտնի են որպես Sega Mega Drive): Սարքը պատկերը փոխանցելու է S-Video կամ HDMI կաբելով, ինչը թույլ կտա օգտագործել ինչպես կինեսկոպներով հին հեռուստացույցները, այնպես էլ ժամանակակից ինտերֆեյսով նոր սարքերը:

Լրագրողի թիմը կարողացել է հին սարքավորումներ հայթայթել Atari Jaguar սարքի և նրա քարթրիջների արտադրության համար` ուստի նոր սարքը նման է լինելու հին սարքին, որը թողարկվել է 1993-1996-ին:

Թեև սարքը թույլ չի տա լուրջ ցանցային խաղերի մասնակցել, այնուամենայնիվ այն չի լինի հին հարթակների հերթական «նմանակումը», այլ կառաջարկի խաղացողներին միանգամայն նոր խաղեր ռետրո ոճով: Տասնյակ անկախ հեղինակներ և ստուդիաներ արդեն ցանկություն են հայտնել աշխատելու նոր սարքի հետ: Սարքի արտադրության համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը կսկսվի ամռանը Kickstarter հարթակում: