12 մայիսի 2015 - 19:52 AMT
ՀՀ-ում ներդրումներ անելու հետաքրքիր և հրապուրիչ պայմաններ կան. ՀԱՑ-ի Գլխավոր ասամբլեայի 4-րդ նիստը

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների գործակցությամբ կայացել է ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի և 2-րդ գործարար ֆորումի պաշտոնական բացման արարողությունը: Ֆորումում քննարկվել են Հայաստանում և Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:

Ֆորումի երեք լիագումար նիստին մասնակցել է արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:

«Խորհրդանշական է, որ համաժողովը իրականացվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, քանի որ ցեղասպանության արդյունքում մեզ ո´չ միայն սպանեցին, ջարդեցին, այլ նաև արմատախիլ արեցին: Աշխարհասփյուռ եղած մեր հայրենակիցները, սակայն, կարողացան տարբեր երկրներում արմատներ գցել, դառնալ իրավաբան, բժիշկ, ինժեներ, բայց շատերը դարձան գործարարներ: Չկա մի երկիր, որտեղ հայ գործարարի չհանդիպես: Ուրախալի է, որ անցնող 4-5 տարվա ընթացքում մեր հայ գործարարները փորձեցին համախմբվել և ստեղծել ՀԱՑ-ը»,- բացման խոսքում ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նշել է, թե Հայկական առևտրային ցանցը մի նոր հարթակ է տնտեսական ոլորտում: Գյուղատնտեսությունը մեր երկրի գերակա ոլորտներից է. շատ լավ նախադրյալներ կան, որ այն դառնա արդյունաբերական:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ներդրումներ անել հայրենիքում: Մեծ ներուժ կա մեր երկրում, տարեցտարի դյուրացվում են բիզնես պայմանները: Վերջին տարիների ընթացքում ներդրումները խթանելու համար մեծ բարեփոխումներ են իրականացվել»,-հավելել է նա:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիրքերը միջազգային շուկայում, ինտեգրման և զարգացման հնարավորությունները:

Երկրորդ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում գործարար միջավայրի խթանման հետ կապված հարցեր: Նախագահողը` Հայ-իրանական առևտրային պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, կարևորել է հատկապես գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու, ազատ հողատարածքներն օգտագործելու, գյուղացիներին սերմերով, տնկիներով, տեխնիկայով օգնելու անհրաժեշտության մասին:

Արգենտինա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Edelflex (Արգենտինա) ընկերության նախագահ Միգել Հարությունյանը ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ներդրումներ անելու շատ հետաքրքիր և հրապուրիչ պայմաններ կան:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոսել է Հայաստանում հարկային բարեփոխումների, գործարարության սպասարկման ոլորտում սպասվող նորությունների մասին: Ներկայացնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում սպասվող հարկային և մաքսային առավելությունները, նա մասնավորապես նշել է, որ կրկնակի հարկումը բացառելու համար այդ երկրների համապատասխան մարմինների հետ կնքվել են պայմանագրեր:

«Երևան գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանն էլ վստահություն է հայտնել, որ համաժողովի անցկացումը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը, նշելով 10-15 պատճառ, թե ինչու Հայաստանում կարելի է ներդրումներ անել՝ առանձնացնելով շուկայի առկայությունը, արտահանման հարկերի բացակայությունը, բարեփոխված հարկային օրենսդրությունը և լավ կրթված աշխատուժի առկայությունը:

«Անհրաժեշտ է միավորել համայն հայության ջանքերը և հասնել լավ արդյունքների»,- հավելել է Աշոտ Բաղդասարյանը Synopsis Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր «Հեռանկարային ներդրումենրի սեկտոր» թեմայով ելույթում կարևորել է Հայաստանում տաղանդավոր երիտասարդների, առաջադիմական, նորարարական գաղափարների առկայությունը:

«Փոփոխություններ բիզնես միջավայրի բարելավման համար» թեմայով երրորդ լիագումար նիստը նախագահել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լևոն Բարխուդարյանը:

IDeA հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը հետաքրքիր դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ:

ԱՄՆ IIG Services ընկերության գործադիր տնօրեն Ալեք Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի գործարար միջավայրի առանձնահատկություններին:

«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը տեղի է ունեցել 2011-ի ապրիլին: Դրան մասնակցել է 30 մասնագետ աշխարհի 9 երկրից, այդ թվում` Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից: