Երևանը չի ստորագրի Ռիգայի հռչակագիրը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա

Երևանը չի ստորագրի Ռիգայի հռչակագիրը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայում աշխատանքը սկսած «Արևելյան գործընկերաության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա: Նրանք փոխզիջումային տարբերակ են մշակել` դիրքորոշումները առանձին կնշվեն, հայտնում է Reuters գործակալությունը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Մայիսի 21-ին Ռիգայում իր աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Եվրամիության այս նախագծի անդամներն են` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեքը 2014-ին ստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքն ամփոփիչ հռչակագրի մշակման ուղղությամբ բավականին լարված է ընթանում. որոշ երկրներ ցանկանում են ուժեղացնել հակառուսական ուղղվածությունը, մյուսները` դեմ են դրան:

Ինչպես հայտարարել են գործակալության աղբյուրները, ի սկզբանե նախատեսվում էր Ռիգայի հռչակագրում գրել ՌԴ-ին Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին, սակայն դրան դեմ եղան Բելառուսն ու Հայաստանը: Ուստի, հավանաբար, կներկայացվի փաստաթղթի խմբագրված տարբերակը, որտեղ ԵՄ դիրքորոշումն ու անդամ երկրների դիրքորոշումն առանձին կներկայացվի:

«Տեքստում կնշվի, որ ԵՄ-ն դատապարտում է իրավիճակը Ղրիմում, կնշվեն նաև անդամ երկրների դիրքորոշումները, որ նրանք հայտարարել են 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, որտեղ Հայաստանն ու Բելառուսը սատարեցին Մոսկվային` դեմ քվեարկելով բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն հայտարարում էր ուժ չունեցող»,-հայտնում է գործակալությունը:

«Բարդ բանակցություններ են»,-ասել է դիվանագետներից մեկը Բրյուսելում:

Համատեղ հայտարարության սևագիր տարբերակը կքննարկվի մայիսի 21-ի երեկոյան ԵՄ և ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքին «Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշեց միացնել Ղրիմը Ռուսաստանին, որովհետև չէր կարելի այդ տարածքն ու այդ մարդկանց «գցել ազգայնականների հարվածի տակ»: Ըստ Պուտինի, վերջնական նպատակը ոչ թե «Ղրիմի գրավումն էր կամ բռնկացումը», այլ այն, որ մարդիկ հնարավորություն ունենան հայտնել իրենց կարծիքը: «Մտածում էի, որ եթե մարդիկ այդպես ցանկանան, նշանակում է, այդպես էլ պետք է լինի: Ուստի, եթե նրանք այնտեղ մնան ավելի մեծ ինքնավարությամբ, ինչ-ինչ իրավունքներով, բայց Ուկրաինայի կազմում, ուրեմն այդպես էլ կլինի: Բայց եթե չեն ցանկանա, մենք նրանց չենք լքի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---