Վարչապետն առնվազն 2-3 % տնտեսական աճ է կանխատեսում տարեվերջին

Վարչապետն առնվազն 2-3 % տնտեսական աճ է կանխատեսում տարեվերջին

PanARMENIAN.Net - Տնտեսական աճը 2015-ին Հայաստանում կկազմի առնվազն 2-3 % , կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ տնտեսական ակտիվություն կա: «Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով և դատարկ խոսակցություններին պիտի վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզում են, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ»,- ասել է նա:

Վարչապետը շեշտեց, որ այս ամիսների ընթացքում իրականացվող ծրագրերն ու հաշվարկները դրա մասին են վկայում: «Մենք կանխատեսել ենք միջնաժամկետով 2015 թվականի համար 1 տոկոս տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու՝ 2-3 տոկոս է լինելու: Եթե այն ծրագրերը, որ պլանավորել ենք այս տարի իրականացնելու, ես համոզված եմ, որ մեր բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ թվերն ապահովենք: Հասկանալի է, որ կան տարածաշրջանային պրոբլեմներ, բայց դա հիմք չէ, որ մենք չփորձենք ամեն ինչ անել, որ տնտեսական աճ արձանագրենք մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ասաց նա, հայտնում է Tert.am-ը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2015-ի հունվար-ապրիլին աճել է 2,7 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը ՀՀ-ում 2015-ին ծրագրված է 4,1%,իսկ գնաճը` 4% (±1,5%): ԿԲ-ն գնահատում է երկրի տնտեսական աճը 0,4%-2% սահմանում:

Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հրապարակած զեկույցում ասվու է, որ առաջիկա մեկուկես տարիներին տնտեսական ակտիվության անկումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կշարունակվի: Տնտեսական անբարենպաստ միջավայրի գլխավոր պատճառները, ըստ Հիմնադրամի մասնագետների, երկուսն են` միջազգային շուկայում նկատվող նավթի գնի անկումն ու Ռուսաստանում առկա ճգնաժամը:

Զեկույցից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի՝ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ութ երկրների շարքում անգամ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ դրանցից միակն է լինելու, որտեղ 2015-ին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում է արձանագրվելու` շուրջ մեկ տոկոսի չափով: «2016-ին ևս իրական ՀՆԱ-ի ծավալների աճ Հայաստանում չի լինի: Կանխատեսվում է զրոյական ցուցանիշ», - պնդում են զեկույցի հեղինակները:

Գնաճի տեմպերը Հայաստանում առաջիկայում ևս բավական տպավորիչ են լինելու, նշում են են զեկույցի հեղինակները: Սպառողական գների աճը 2015 թվականին կկազմի 6,4 տոկոս` 2014 թվականի 3 տոկոսի դիմաց: 2016-ին, ըստ Հիմնադրամի փորձագետների, գնաճի տեմպերը փոքր-ինչ կնվազեն` կազմելով շուրջ 4 տոկոս:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները նաև արձանագրում են, որ առաջիկայում Հայաստանի տնտեսություն ավելի քիչ գումար մուտք կգործի մասնավոր տրանսֆերտների տեսքով, իսկ նավթի գնի անկումը լուրջ դրական ազդեցություն հազիվ թե ունենա` նախևառաջ տնտեսության կառուցվածքի և դրամի փոխարժեքի անկման պատճառով: «Ռուբլու հետագա թուլացումը է՛լ ավելի կնվազեցնի Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների արժեքը: Դա նախևառաջ վերաբերում է Հայաստանին, ինչպես նաև Տաջիկստանին և Ղրղըզստանին», - նշում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները:

Ինչ վերաբերում է միջազգային շուկայում նավթի գնի նվազմանը և դրա հնարավոր ազդեցությանը դիտարկվող երկրների տնտեսությունների վրա, զեկույցի հեղինակները նշում են. - «Հայաստանում և Ղրղըզստանում նավթի գնի անկման հնարավոր դրական ազդեցությունը չեզոքացվում է տարադրամների արժեզրկման և մրցակցության ցածր մակարդակի պատճառով»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---