21 մայիսի 2015 - 16:50 AMT
Բունդեսթագում կայացել է Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը

Մայիսի 20-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցավ Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանա-հայկական ֆորումի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառման սկզբում ընտրվեց ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ ընտրվեց Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ` Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ ընտրվեցին ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Արտակ Դավթյանը, Աշոտ Սմբատյանը, Ալբերտ Վայլերը:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ապրիլի 28-ին հանդիպել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի և Ֆոլկմար Ֆոգելի հետ:

Ողջունելով գերմանացի գործընկերների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը կարևորել է Գերմանիայի քաղաքացիների և քաղաքական գործիչների մասնակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և միջազգային հանրության արձագանքին՝ պարոն Դավթյանը նշել է, որ աշխարհում տեղի է ունեցել կարևոր փոփոխություն այդ ուղղությամբ, և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը թևակոխել է նոր փուլ:

Մանֆրեդ Գրունդը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, և Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբից բացի, ցանկություն կա ձևավորելու նաև Գերմանիա-Հայաստան բարեկամական խումբ: Բարեկամական խմբի ստեղծման ուղղությամբ Բունդեսթագում արդեն տարվում է որոշակի աշխատանք. կազմվում են իրավական փաստաթղթերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: