ԻՊ գրոհայինները մեկ օրում 30 մարդու են մահապատժի ենթարկել Սիրիայում

ԻՊ գրոհայինները մեկ օրում 30 մարդու են մահապատժի ենթարկել Սիրիայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները մեկ օրում մահապատժի են ենթարկել Սիրիայի հյուսիս-արևելքի Դեր Զոր գավառի 20 բնակչի, հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, ևս 17 մարդ մահապատժի է ենթարկվել և սպանվել է գրոհայինների կողմից գրավված Պալմիրայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Զանգվածային մահապատիժներն իրականացվել են գրոհայինների կողմից գրավված բնակավայրերում: Քաղաքացիները զրկվել են կյանքից հիմնականում Սիրիայի կառավարության և բանակի հետ կապերի համար:

Մայիսի 21-ին հայտնի դարձավ նաև, որ գրոհայինները գրավել են Սիրիայի և Իրաքի սահմանին գործող վերջին «Էթ Թանֆ» անցակետը, որը գտնվում է Բաղդադ-Դամասկոս ավտոճանապարհին` Պալմիրայից 240 կմ հեռավորության վրա:

«Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավել են հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վտանգ կան, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները:

Պալմիրան թողնելուց առաջ սիրիական բանակի հրամանատարությունը տարհանել էր բնակիչներին և առավել արժեքավոր պատմական իրերը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---