Նախագահ. Հայաստանը հանձնառու է հարաբերությունների իրավական նոր հիմք ձևավորել ԵՄ հետ

Նախագահ. Հայաստանը հանձնառու է հարաբերությունների իրավական նոր հիմք ձևավորել ԵՄ հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 22-ին Ռիգայում ընթացող ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

«Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ»,-ասել է նա: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը:

«Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հայտարարել է նաև, որ «Արևելյան գործընկերության» մեկնարկից սկսած Հայաստանն այն դիտարկել է որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, հասարակությունների միջև շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձևաչափ:

«Այս ընթացքում ԵՄ հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»,-ասել է Սարգսյանը Ռիգայում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը:

«Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, որպես գործընկերություն միավորող ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Նախագահի համոզմամբ՝ հետագա գործակցության հիմքում պետք է պահպանել հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---