Բաքուն հրաժարվում էր ստորագրել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը. Պատճառը ԼՂՀ-ն է՞ր

Բաքուն հրաժարվում էր ստորագրել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը. Պատճառը ԼՂՀ-ն է՞ր

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամբողջ օրվա ընթացքում հրաժարվում էր ստորագրել «Արևելյան գործընկերության» հռչակագիրը: Այս մասին մայիսի 22-ին Ռիգայում լրագրողներին է հայտարարել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Պատասխանելով խնդրահարույց պահերի մասին հարցին` նա ասել է. «Կարծես, խնդիրը հենց Ադրբեջանի հետ է կապված, ամեն դեպքում օրվա ընթացքում այդպես էր»:

Նա նշել է նաև, թե չգիտի` արդյոք փաստաթուղթը կընդունվի: Ես չգիտեմ, արդյոք այս պահի դրությամբ հռչակագիրը ստորագրված է, թե` ոչ»,- ասել է Շուլցը:

Tert.am-ի աղբյուրի փոխանցմամբ, վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով:

Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը:

Մինչդեռ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտնել է, որ փաստաթուղթն արդեն հավանության է արժանացել: Պատասխանելով հռչակագրում Ղրիմի վերաբերյալ ձևակերպման ընդգրկվելու մասին հարցին` նա ասել է. «Իհարկե, առանց դրա հռչակագիրը չէր ընդունվի» հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռիգայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, այդ թվում Ադրբեջանը, ստորագրել են ամփոփիչ հռչակագիրը: Այդ մասին հայտարարեց Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Գժեգոժ Սխետինան:

«Այո, բոլոր մասնակիցները ստորագրել են, այդ թվում` Ադրբեջանը»,-ասել է նա, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վերջնականապես համաձայնեցվել է հռչակագրի այն մասը, որը վերաբերում է ԵՄ դերակատարությանը հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում:

«Սառեցված հակամարտությունների կարգավորման մասին բաժինը համաձայնեցված է. գագաթնաժողովը ողջունում է ԵՄ դերակատարության ընդլայնումն այդ գործընթացում»,-ասել է աղբյուրը:

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայում աշխատանքը սկսած «Արևելյան գործընկերաության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա: Նրանք փոխզիջումային տարբերակ են մշակել` դիրքորոշումները առանձին կնշվեն:

Ի սկզբանե նախատեսվում էր Ռիգայի հռչակագրում գրել ՌԴ-ին Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին, սակայն դրան դեմ եղան Բելառուսն ու Հայաստանը: Ուստի, հավանաբար, կներկայացվի փաստաթղթի խմբագրված տարբերակը, որտեղ ԵՄ դիրքորոշումն ու անդամ երկրների դիրքորոշումն առանձին կներկայացվի:

«Տեքստում կնշվի, որ ԵՄ-ն դատապարտում է իրավիճակը Ղրիմում, կնշվեն նաև անդամ երկրների դիրքորոշումները, որ նրանք հայտարարել են 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, որտեղ Հայաստանն ու Բելառուսը սատարեցին Մոսկվային` դեմ քվեարկելով բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն հայտարարում էր ուժ չունեցող»,-հայտնում է գործակալությունը:

«Բարդ բանակցություններ են»,-ասել է դիվանագետներից մեկը Բրյուսելում:

Համատեղ հայտարարության սևագիր տարբերակը կքննարկվի մայիսի 21-ի երեկոյան ԵՄ և ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---