ԵՄ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են ապագա հարաբերությունների մասշտաբների մասին

ԵՄ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են ապագա հարաբերությունների մասշտաբների մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների մասին, առաջընթաց քայլեր կկատարի Բելառուսի հետ գործակցության ուղղությամբ, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մայիսի 22-ին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին:

«Մենք համաձայնության ենք եկել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների ծավալների մասին: Մենք նաև պետք է հնարավորություն ունենանք մի քանի քայլ առաջ անել Բելառուսի հետ մեր հարաբերությունները խորացնելու նպատակով: Ադրբեջանին մենք առաջարկել ենք թարմացնել ԵՄ հետ հարաբերությունների պայմանագրային հիմքերը»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Ելույթ ունենալով, երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և ՀՀ-ն հանձնառու է խորացնելու և էլ ավելի ամրապնդելու ԵՄ հետ գործակցությունը: «Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու գործակցությունը»,- նշել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, որպես գործընկերություն միավորող ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում:

Նախագահի համոզմամբ՝ հետագա գործակցության հիմքում պետք է պահպանել հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---