Եթե էլէներգիայի սակագինը բարձրանա, Կառավարությունը կօգնի անապահովներին![]() 29 մայիսի 2015 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո Կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավին, մայիսի 29-ին խորհրդարանում ասել սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը։ Մոտ մեկ տարի առաջ՝ 2014-ին, սակագնի հերթական բարձրացման ժամանակ գործադիրն օգնել էր՝ 1000 դրամով։ «Անցյալ տարվա օգոստոսի 1-ից ավելացվեցին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստները 1000 դրամով, և սոցիալապես խոցելի 105.000 ընտանիքների տրամադրվեց լրացուցիչ աջակցություն։ Գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա սակագների բարձրացման ազդեցությունը մոտ 700 դրամի կարգի էր»,- ասել է նախարարը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը։ Թե այս տարվա հնարավոր թանկացումից հետո Կառավարությունը ինչքանով կօգնի անապահովներին, Ասատրյանը դժվարացել է նշել։ 2014-ի թանկացման ժամանակ հանրապետականները պնդում էին, որ 1000 դրամը դեռ մի բան էլ ավելի է, քանի որ կառավարության հաշվարկներով թանկացումն ընդամենը 730 դրամով է ավելացնում ծախսերը։ Հաշվարկների հեղինակն էկոնոմիկայի նախարարությունն էր։ Այսօր արդեն հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ այս տարվա թանկացման դեպքում էլ հաշվարկները նույն գերատեսչությունն է կատարելու նույն սկզբունքով։ «Կանխատեսումներով էր արված՝ այդ թանկացումը ինչ մոտավոր թանկացումներ կարող է բերել և մեկ շնչի վրա ինչ ազդեցություն կարող էր ունենալ։ Ինձ թվում է, որ այդ գումարները ծախսածածկ էին, արդարացված հաշվարկներ էին»,- ասել է պատգամավորը։ Բաղդասարյանն ասել է, որ իրենք թանկացման դեմ բողոքին ծանոթ են, բայց դա չի նշանակում, որ պետք է հանրության թելադրանքով շարժվեն, հաշվի են առնում նաև պետության շահը՝ թանկացման հայտը պետք է քննարկվի։ Մայիսի 27-ին Ազատության հրապարակում բազմահազար ցույց էր: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, դրան միացել էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների անդամները և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Բողոքողները պահանջում էին հանձնաժողովից չբավարարել ՀԷՑ-ի հայցը: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հաջորդ ցույցը կայանալու է հունիսի 19-ին: «Պարզապես սիրողական ցանկություն է դա, այսինքն ի՞նչ է նշանակում՝ եթե իմանանք, որ Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը պետք է լծակներ ունենան, ձեռքը խփեն սեղանին և կասեցնեն, բայց դա կարող է բերել համակարգի քայքայմանը։ Այլ բան է, որ մենք պահանջ դնենք, որ վերահսկողությունն ավելի ուժեղացնենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- ասել է Բաղդասարյանը։ Սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին միացած Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդհանրապես դեմ է խոսել բյուջեի հաշվին անապահովներին օգնելու մասին, պնդում է՝ ոչ թե դեմ են օգնությանը, այլ կարծում են, որ ՀԷՑ-ում պետք է դադարեցվի գողությունը, ինչից հետո արդեն ոչ թանկացման կարիք կլինի, ոչ էլ անապահովներին օգնելու։ Լևոն Զուրաբյանը վստահ է՝ իշխանությունները շատ արագ կարող են ամեն ինչ շտկել։ ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |