2015-ի մայիսի տվյալներով Ռուսաստանը աշխարհի խոշորագույն նավթ արտադրողն է դարձել` գերազանցելով Սաուդյան Արաբիային, հայտնում է Bloomberg գործակալությունը Վառելիքա-էներգետիկ համալիրի կենտրոնական կարգավարական վարչության տվյալների վրա հղումով: Մայիսին մեկ օրում ՌԴ-ն միջինը արդյունահանել է 10,708 մլն բարել նավթ, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի ցուցանիշը միայն 10,25 մլն բարել է:
Ընդհանուր առմամբ մայիսին ՌԴ հանքավայրերից արդյունահանվել է 45,28 մլն տ նավթ և գազի կոնդենսատ, ինչը մոտ 1,67 % ավելի է, քան 2014-ի մայիսին: 2015-ի ապրիլին, ըստ Էներգետիկայի նախարարության, ՌԴ-ում արդյունահանվել է 43,668 մլն տ նավթ և գազի կոնդենսատ, ինչը 1,2 % գերազանցում է 2014-ի ապրիլի ցուցանիշը, հայտնում է ՌԲԿ-ն:
Ընդհանուր առմամբ 2014-ին ռուսական նավթի արտահանման միջին օրական ծավալը կազմել է մոտ 10,521 մլն բարել, 2013-ին` 10,469 մլն բարել, 2012-ին` 10,329 մլն բարել, 2011-ին` 10,22 մլն բարել, 2010-ին` 10,074 մլն բարել:
Ըստ վերլուծաբանների, նավթի առաջարկի ավելցուկն աշխարհում շարունակում է ճնշել նավթի ցուցանիշները: Brent տեսակի նավթի արժեքը ICE բորսայում տատանվում է $65 սահմանում 1 բարելի դիմաց: Իսկ ներդրողները մտավախություն ունեն, որ գները կարող են նորից նվազել ՕՊԵԿ երկրների կողմից արդյունահանման հնարավոր ավելացման դեպքում: Նման որոշում կարող է կայացվել 2015-ի հունիսի 5-ին:
«ՕՊԵԿ երկրներում արդյունահանման աճի հեռանկարները ճնշում են Brent վրա. շուկաներն ակնկալում են, որ ուրբաթ օրը կայանալիք ՕՊԵԿ նիստում կավելացվեն նավթի արդյունահանման ծավալներն ի պատասխան արտահանման հնարավոր աճին Իրաքից և Իրանից»,-ասել է վերլուծաբան Մարկ Բրեդֆորդը:
«Պրոմսվյազբանկի» վերլուծաբան Եկատերինա Կռիլովան կարծում է, որ ՕՊԵԿ ներկայացուցիչներն իրենց մեկնաբանություններով ԶԼՄ-ներում «ահագնացնում են իրավիճակը» շուկայում: «Ընդհանուր առմամբ նավթի համար արտաքին ֆոնը բավականին բացասական է: Մենք ակնկալում ենք, որ նավթն այս շաբաթ կտատանվի 1 բարելի դիմաց $62–65 սահմանում»,-ասել է նա:
Ավելի վաղ Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները կանխատեսել էին պայքարի նոր աճ նավթային շուկայի համար ՕՊԵԿ և այդ կազմակերպությանը չանդամակցող երկրների միջև: Գցելով նավթի գները` ՕՊԵԿ-ին չհաջողվեց ստիպել մրցակիցներին կրճատել արդյունահանումը` ՌԴ-ն, Բրազիլիան և այլ երկրները շարունակեցին արդյունահանման ծավալներն ավելացնել: «Ուստի վաղաժամ կլիներ կարծել, որ ՕՊԵԿ-ը շահել է շուկայի համար պայքարում: Հավանաբար, ճակատամարտը դեռ նոր է սկսվում»,-ասել է փորձագետը: