Պուտին. Սթափ դատող մարդիկ չեն կարծի, թե ՌԴ-ն կհարձակվի Եվրոպայի վրա՝ «այլ անելիքներ ունենք»

Պուտին. Սթափ դատող մարդիկ չեն կարծի, թե ՌԴ-ն կհարձակվի Եվրոպայի վրա՝ «այլ անելիքներ ունենք»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական շահարկում է համարում Արևելյան Եվրոպայի որոշ երկրների մտավախությունները ՌԴ հնարավոր ներխուժման վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է որոշ երկրների մտավախություններին, կապված Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ գործողությունների հետ, կարծում եմ, որ միայն անառողջ մարդը, այն էլ երազում, կարող է պատկերացնել, որ Ռուսաստանը հանկարծ հարձակվում է ՆԱՏՕ-ի վրա: Որոշ երկրներում ուղղակի, ինձ այդպես է թվում, շահարկում են Ռուսաստանի հանդեպ առկա վախերը»,-ասել է Պուտինն իտալական II Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Իտալիա այցից առաջ:

Պուտինը նաև չի բացառել, որ մի շարք երրորդ երկրներ շահագրգռված են, որ Ռուսաստանին ագրեսիվ իմիջ վերագրվի: «Օրինակ, ամերիկացիները չեն ուզում, որ Ռուսաստանն ու Եվրոպան մերձենան: Ես սա չեմ պնդում, ենթադրում եմ: Ասենք, Միացյալ Նահանգները ցանկանում են պահպանել առաջատար դիրքն ատլանտյան հանրությունում: Նրանց արտաքին սպառնալիք է պետք, հարկավոր է անպայման արտաքին թշնամի գտնել` ապահովելու համար այդ առաջտար դիրքը»-ասել է Պուտինը:

«Իրանի սպառնալիքն արդեն չի բավարարում` սպառնալիքն այն չէ, այնքան էլ վախենալու չէ: Ինչո՞վ վախեցնել: Ուկրաինայում ճգնաժամ սկսվեց` Ռուսաստանը ստիպված էր արձագանքել»,-հավելել է պետության ղեկավարը:

«Ուզում եմ ասել, որ դուք կարիք չունենք Ռուսաստանից վախենալու: Աշխարհն այնքան է փոխվել, որ սթափ դատող մարդիկ արդեն չեն կարող պատկերացնել այսօր նման լայնածավալ հակամարտություն: Վստահեցնում եմ ձեզ, մենք շատ այլ անելիքներ ունենք»,-ասել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ԱՄՆ ռազմական ծախսերն ավելին են, քան աշխարհի բոլոր երկրների ռազմական ծախսերը միասին վերցրած, իսկ ՆԱՏՕ-ի երկրների համախառն ծախսերը 10 անգամ գերազանցում են Ռուսաստանի ռազմական ծախսերը: Ի տարբերություն Ամերիկայի Ռուսաստանը գրեթե ռազմակայան չունի արտերկրում:

Պուտինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ամերիկյան ստորջրյա նավերը մշտական հերթապահություն են իրականացնում Նորվեգիայի ափերի մոտ, և մինչև Մոսկվա այդ նավերի հրթիռները կարող են հասնել 17 րոպեում: «Իսկ մենք Կուբայից էլ վաղուց հանել ենք մեր ռազմակայանները, որոնք ռազմավարական նշանակություն չունեն: Եվ դուք ուզում եք ասել, որ մե՞նք ենք ագրեսորը: Դուք ինքներդ հիշատակեցիք դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Բայց մենք չենք առաջանում ` այդ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներն են շարժվում դեպի մեր սահմանները, այդ թվում ռազմական ենթակառուցվածքները: Եվ սա է մեր ագրեսիվության դրսևորումը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին ազդել Կիևի վրա Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար: «Մենք չունենք նրանց վրա այնպիսի ազդեցություն, ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան, որպեսզի Կիևի իշխանությունները կատարեն այն ամենն, ինչի միասն պայմանավորվել ենք Մինսկում»,-ասել է Պուտինը:

«Մենք մեր հերթին ամեն ինչ արել ենք և անելու ենք, որպեսզի ազդենք չճանաչված հանրապետությունների վրա` Դոնեցկի և Լուգանսկի, բայց ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,-ասել է Պուտինը:

Նա նաև հորդորել է Եվրոպային և Ամերիկային դադարել «վախեցնել» Ռուսաստանին պատժամիջոցներով: «Մենք այստեղ կապ չունենք, սա մեր դիրքորոշումը չէ: Մենք ուզում ենք, որ համաձայնությունները կատարվեն»,-հավաստիացրել է Պուտինը:

Ավելի վաղ, անդրադառնալով դաշինքի և Մոսկվայի հարաբերություններին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ «ՆԱՏՕ-ն դիմակայություն չի ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն համագործակցությունը պետք է հիմնված լինի վստահության, միջազգային պարտավորություններն ու սահմանները հարգելու վրա»:

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չպետք է իրեն համարի Արևմուտքի ագրեսիվ գործողությունների զոհը: «Մենք բացառապես պաշտպանական նպատակներ ունենք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---