ՀՀ-ն դեմ էր Վրաստանի փախստականների վերադարձի մասին բանաձևին, բայց ՄԱԿ-ն այն ընդունեց![]() 6 հունիսի 2015 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հունիսի 3-ին Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի փախստականների վերադարձի, նրանց իրավունքները պաշտպանող բանաձևին: Չնայած դրան, բանաձևն ընդունվել է ձայների 75 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայան-ը: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Վենեսուելան, Վիետնամը և այլն: Ընդունված բանաձևը բռնի տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունքների մասին է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անարգել վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ Աբխազիա և Հարավային Օսիա: Բանաձևը նաև անընդունելի է համարում այդ շրջաններում ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը: Առաջին անգամ բանաձևի նման նախագիծ ՄԱԿ-ում ներկայացվել է 2008-ին: Այն ժամանակ խոսքը միայն Աբխազիայի փախստականների մասին էր, կողմ էր քվեարկել 14 երկիր: Տարեցտարի ավելանում է բանաձևը պաշտպանող երկրների թիվը: Նշված է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում անհրաժեշտ է հումանիտար անխափան աշխատանքներ իրականացնել, պաշտպանել փախստականների ու ներքին տեղահանվածների սեփականության իրավունքը: Քվեարկությունից առաջ ծավալված քննարկումներում Վրաստանի ներկայացուցիչն ասել է, որ յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն աջակցություն է հումանիզմի հիմնարար արժեքներին, ուժեղ ազդանշան է բռնի տեղահանվածներին և փախստականներին, որոնք կազմում են երկրի բնակչության 10 տոկոսը: Վրաստանի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայացված բանաձևը ուղղված չէ որևէ կողմի դեմ, մատնացույց չի անում, թե ով է պատասխանատու ուժով տեղահանությունների համար: Բանաձևը նախատեսված է տեղահանվածների իրավունքները պաշտպանելու համար, մի կողմ թողնելով քաղաքականությունը, կենտրոնանալով հումանիտար հարցերի վրա: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը, ընդհակառակը, պնդել է, որ նախաձեռնությունը քաղաքականացված է և իր էությամբ կոնյունկտուրային: «Վրաստանի պատվիրակությունը, ինչպես նախկինում, այս թեման և հումանիտար հարցերը օգտագործում է տարածաշրջանի իրավիճակի նկատմամբ իր մոտեցումներն ու գնահատականները առաջ մղելու համար»,- նշել է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Աբխազիան և Հարավային Օսիան ներկայացնելով որպես անկախ պետություններ: «Հակառակ իրականությանը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների կամքին, բանաձևը նորից առաջ է մղում այդ անկախ, ինքնիշխան երկրները Վրաստանին պատկանելու թեզը»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ասելով, որ տեղահանվածների և փախստականների վերադարձի համար առանցքային նշանակություն ունի անվտանգությունը, իսկ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ստորագրել ուժ չկիրառելու մասին համաձայնագրեր: Հունիսի 3-ին ընդունված բանաձևում Գլխավոր ասամբլեան ճանաչում է բոլոր տեղահանվածների և փախստականների և նրանց սերունդների իրավունքը, անկախ էթնիկ պատկանելությունից, վերադառնալ իրենց տները՝ այդ թվում Աբխազիա և Հարավային Օսիա: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ բանաձևի ընդունումը Վրաստանի դիվանագիտության հաղթանակն է: «75 պետություն պաշտպանեց հարկադիր տեղահանվածների իրավունքը՝ վերադառնալու իրենց տները: Սա նշանակալից և աննախադեպ աջակցություն է մեր երկրին: Սա նաև մեր դիվանագիտության հաղթանակն է: Արտաքին գերատեսչությունը շատ լավ աշխատեց՝ համոզելու համար հոռետես տրամադրված երկրներին, որոնք նախկինում չէին պաշտպանում այս բանաձևը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասել է Վրաստանի վարչապետը: Վրաստանում պնդում է, որ երկրում ավելի քան 400.000 փախստական ու հարկադիր տեղահանված կա։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ նրանց թիվը 262.000 է: Photo: AFP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |