9 հունիսի 2015 - 12:24 AMT
Օբամա. Թուրքիան բավարար միջոցներ չի ձեռնարկում Սիրիա զինյալների մուտքը կասեցնելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G7 գագաթնաժողովի ընթացքում քննադատել է Թուրքիային՝ հայտարարելով, որ այդ երկրից հազարավոր զինյալներ են անցնում Սիրիա և միանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը։

Թուրքիայում նախընտրական արշավի ամբողջընթացքում այդ երկրի մասին որևէ հայտարարություն չարած Օբաման այս քննադատությունը հնչեցրել է հունիսի 7-ին կայացած ընտրություններից անմիջապես հետո, «Հուրրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացավ 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ:

Սիրիա և Իրաք օտարազգի կռվողների մուտքն արգելելու հարցում առաջընթացի մասին խոսող Օբաման նշել է, որ դեռ հազարավոր կռվողներ են մտնում Սիրիա և հետո անցնում Իրաք։

«Դրանք բոլորը կանխել հնարավոր չէ, սակայն շատերն ավելի լավ համագործակցության, համակարգման և տեղեկատվության փոխանակման, թուրք-սիրիական սահմանը լավ պահելու միջոցով հնարավոր կլինի կանխել։ Թուրքական մարմիններն այդ խնդիրը գիտեն, սակայն այդ հարցի շուրջ անհրաժեշտ միջոցառումները բավարար չափով չեն իրականացվում։ Եթե օտար կռվողների մուտքը նվազեցնենք, հետո տարածաշրջանում «Իսլամական պետությանը» մեկուսացնել ու թուլացնել կկարողանանք»,- ասել է նա։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս):

Քրդական փոքրամասնությունը, որն, ըստ փորձագետների կազմում է Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, առաջին անգամ ներկայացված կլինի երկրի քաղաքական ասպարեզում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: