Amnesty International-ի ներկայացուցիչների մուտքն Ադրբեջան մերժվել է![]() 10 հունիսի 2015 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Amnesty International-ը ստիպված էր չեղյալ համարել այցն Ադրբեջան այն բանից հետո, երբ կառավարությունը վերջին պահին հրաժարվեց արտոնել այդ իրավապաշտպան կազմակերպության պատվիրակության այցը Բաքու, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Այցը, որի նպատակն «Ադրբեջան. Հետապնդումներ Եվրախաղերի ֆոնին» խորագրով ճեպազրույցի անցկացումն էր, չեղյալ համարվեց, երբ հունիսի 9-ի ուշ երեկոյան Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը հայտարարեց, որ «Ադրբեջանն այժմ ի վիճակի չէ ընդունել Amnesty International-ին»: «Սա հեգնանք է`միջոցառումը չեղյալ է համարվում այն ժամանակ, երբ քննադատական ձայները երկրում սիստեմատիկաբար ճնշվում են Եվրոպական խաղերի շեմին: Երկրի իշխանությունները հուսահատ փորձում են Եվրախաղերի շուրջ քննադատությունից զերծ գոտի ստեղծել»,-ասել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը: «Այս խաղերը հեռու են մամուլի ազատության և մարդկային արժանապատվության արժեքներից, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում: Այս խաղերի հետքը հետագայում ևս կխրախուսի ամբողջ աշխարհի ռեպրեսիվ մարմիններին` օգտագործել խոշոր միջազգային սպորտային իրադարձությունները որպես միջազգային հեղինակության արտոնագիր»,-ասել է նա, գրում է Contact.az-ը: Վերջին տարում Ադրբեջանի լրագրողները, իրավապաշտպանները, ընդդիմության անդամներն ու ժողովրդավարական երիտասարդ ակտիվիստները հետապնդումների, ձերբակալությունների ու կտտանքների են ենթարկվել: Հետապնդումները միայն աճեցին Խաղերին ընդառաջ: Կա առնվազն խղճի 20 բանտարկյալ Ադրբեջանում, որոնք կալանավորվել են բացառապես կարծիքն ազատ արտահայտելու համար: Նրանց մի մասին խարդախության մեղադրանք ներկայացվեց, թմրանյութերի շրջանառության, խուլիգանության, ինչպես նաև պետական դավաճանության մեղադրանք: Ակտիվիստներից շատերը լքել են երկիրը, իսկ ով մնացել է, վախենում է իր և ընտանիքի անդամներին սպառնալիքների պատճառով: Անկախ ԶԼՄ-ներ գրեթե չկան, իսկ թերթերն ու հեռուստատեսությունը, որոնք պատկանում են կամ վերահսկվում են պետության կողմից, օգտագործվում են իշխանություններին արդարացնելու համար: Այս ամենը թույլ է տալիս անպատիժ թողնել իշխանությունների չարաշահումները, ասվում է հայտարարության մեջ: Այնուհետև թվարկվում են իրավապաշտպանների կոնկրետ գործերը: Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հալածյալներին և հարգել ազատ արտահայտվելու, հավաքների և ասոցիացիաների իրավունքը: Միջազգային հանրությունը, ներառյալ կառավարություններն ու Եվրոպական օլիմպիական կոմիտեն, պետք է ճնշում գործադրեն իշխանությունների վրա, դրան հասնելու համար: «Ադրբեջանում անցկացվող Եվրախաղերը եզակի հնարավարություն են տալիս ապահովելու մարդու իրավունքների հետ կապված վիճակի բարելավում: Ուստի, եթե Եվրոպական օլիմպիական կոմիտեն և միջազգային հանրությունը չհայտարարեն այդ մասին, դա թույլ կտա Ադրբեջանի իշխանություններին վերջնականապես խեղդել քննադատող քաղաքացիական հասարակությունը»,-ասել է Կրիվոշեևը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպորտը մարդու համար» հարթակի ակտիվիստ, բրիտանացի լրագրող Էմմա Հյուզը գիշերը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում։ Սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր։Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նրան հաղորդել են, որ իր անունը ներառված է Ադրբեջանի անցանկալի անձանց «կարմիր ցանկում»: Վերջին շաբաթների ընթացքում Հյուզն ակտիվ արշավ էր սկսել «Սպորտը մարդու համար» կոալիցիայի շրջանակներում, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վրա Նա հավատարմագրվել է Եվրոպական խաղերի լուսաբանման համար, որոնք Բաքվում մեկնարկելու են հունիսի 12-ին։ Սակայն նրա մուտքն արգելվել է, և նա կալանքի տակ է մնացել Բաքվի օդանավակայանում։ «Ինձ ձերբակալել են Ալիևի ռեժիմի հրահանգով, և գուցե արտաքսեն։ Լրագրողները, իրավաբանները, գիտնականներն ու ակտիվիսնտերը, բոլորն այս երկրում ճաղերի հետևում են հայտնվում»,- հեռախոսով գործընկերներին ասել է Հյուզը։ Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով: Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել: Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը: Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է: FIDH միջազգային կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրների առաջնորդներին պայմանավորել իրենց մասնակցությունը Խաղերի բացման արարողությանը քաղբանտարկյալներին ու ակտիվիստներին ազատ արձակելու պայմանով: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |