Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը. Երևանն ավելի մատչելի է դարձել զբոսաշրջիկների համար

Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը. Երևանն ավելի մատչելի է դարձել զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - 2015 թ. աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն նախորդ տարվա 46-րդ դիրքի փոխարեն զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը` դառնալով ԱՊՀ ամենաթանկ քաղաքը: Վարկանիշը, որտեղ հաշվի է առնված ապրանքների ու ծառայությունների զամբյուղի արժեքը, կազմել է խորհրդատվական Mercer ընկերությունը: Ցանկում ներկայացված է 207 քաղաք:

Հայաստանում «կյանքի արժեքը» նվազել է: Եթե նախորդ տարի Հայաստանի մայրաքաղաքը 187-րդն էր վարկանիշում, ապա 2015-ին Երևանը 192-րդն է: Նախորդ տարիների համեմատ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կյանքը նույնպես էժանացել է: Եթե 2014-ին Թբիլիսին 194-րդն էր, ապա 2015-ին` 198-ը: Թուրքիան, հակառակը, թանկացրել է ապրանքների և ծառայությունների զամբյուղի արժեքը` գրավելով 99-րդ տեղը: Նախորդ տարի թուրքական Ստամբուլը 135-րդն էր:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան մինչև վերջերս ԱՊՀ ամենաթանկ քաղաքն էր համարվում, սակայն նահանջել է 9-րդ հորիզոնականից` միանգամից զբաղեցնելով 50-րդ տեղը: Սանկտ Պետերբուրգը նույնպես նահանջել է իր դիրքերից` զբաղեցնելով 152-րդ տեղը նախկին 35-ի փոխարեն:

Mercer միջազգային ընկերության կազմած վարկանիշը ցույց է տալիս, թե որքան թանկ է ապրուստը այս կամ այն քաղաքում օտարերկրացու համար: Հետազոտության մեջ հաշվի են առնված 200 ապրանքների և ծառայությունների արժեքը, այդ թվում` սնունդը, կացարանի վարձակալումը, տրանսպորտը, զվարճանքները: Այդ տվյալները օգնում են միջազգային ընկերություններին գնահատել իրենց աշխատակիցների ուղևորածախսն ու բնակության ծախսը աշխարհի տարբեր քաղաքներում:

Վարկանիշի առաջատարը, ինչպես և նախորդ տարի Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Այնտեղ 2 ննջարանով բնակարանի վարձակալությունը միայն 7 հազար դոլար կպահանջի: Օտարերկրացիների համար մոլորակի ամենաթանկ վայրերից են նաև Հոնկոնգն ու Ցյուրիխը: Իսկ ահա ամենից էժան կարելի է տեղավորվել Բիշքեկում, Վինդհուկում և Կարաչիում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---