Երեւանի կենտրոնում Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը բացեցին Ֆրանսիայի հրապարակը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը մասնակցել են Ֆրանսիայի հրապարակի բացման արարողությանը: Իր ելույթում Հայաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր խորհրդանշական օր է բոլորից համար. Երեւանի սրտում բացվում է Ֆրանսիայի հրապարակը: Հազար տարի է անցել այն ժամանակներից, երբ ֆրանսիացի իշխաններն առաջին անգամ ոտք են դրել Կիլիկյան Հայաստանի հողի վրա, որտեղ նրանց ընդունել են բարեկամի ու հարազատի նման, ուր նրանք ապրել, աշխատել եւ պայքարել են ուս-ուսի: Ահա այդ ժամանակներից հյուսվել է մեր ժողովուրդների բարեկամությունը եւ հարազատությունը: Չի եղել պատմական մի շրջան, որ այդ բարեկամությունը խամրի, այլ ընդհակառակը` դարերի հետ այն խորացել ու նոր իմաստ է ստացել: Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խոր հետք են թողել ժամանակի հայկական մտքի զարգացման վրա: 19-րդ դարում հայկական մշակույթի զարթոնքը իր վրա կրում է ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը: Հայ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներից շատերն իրենց կրթությունը ստացել կամ զարգացել են Ֆրանսիայում: Վերադառնալով` Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում նրանք տարածում էին մշակութային նոր հոսանքները եւ ազատության ու մարդասիրության վեհ գաղափարները: Մեր բարեկամությունը կոփվել է մեծ փորձությունների պահին: Ֆրանսիական հասարակության լավագույն ներկայացուցիչները հիմնեցին արմենոֆիլ շարժումը: Դատապարտելով հայերի դեմ կազմակերպված ոճրագարոծությունը` նրանք մարդասիրական օգնություն էին կազմակերպում Եղեռնը վերապրածներին: Ֆրանսիական ռազմական նավերը հասան Հայկական Կիլիկիայի ափերը եւ փրկեցին կոտորածներից խուսափած հայերին: Ֆրանսիական հողում ապահով տանիք եւ մարդկային ջերմություն գտան մեծաթիվ գաղթականներ:



Ահա այդ հայերն իրենց ողջ կարողությունն ու տաղանդը ներդրեցին նոր հայրենիքում` իրենց զավակներին ներարկելով անվերապահ նվիրվածություն Ֆրանսիային: Մենք հպարտանում ենք, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը պատվով մասնակցեցին Դիմադրության շարժմանը եւ Ֆրանսիայի ազատագրմանը: Նրանցից ոմանք փառքով պսակեցին իրենց անունը, որով խորհրդանշվում է մեր ժողովուրդների եղբայրությունը: Պարոն նախագահ, Դուք բազմաթիվ անգամներ նշել եք ֆրանսահայերի մեծ ներդրումը Ֆրանսիայի տնտեսության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում: Երեկվա գաղթականների զավակները, լիիրավ ֆրանսիացի լինելով, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը: Շարլ Ազնավուրի անունը փայլուն բնորոշում է այդ զույգ պատկանելությանը: Շարլ Ազնավուրի, Եղեռնից փրկված ծնողների զավակի, ճակատագիրը հայ ժողովդրի պատասխանն է ցեղասպանություններին: Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Դա ծանրակշիռ ներդրում է ինչպես հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, այնպես էլ մարդկության դեմ այդ սպառնալիքի կանխարգելման գործում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---