Ժամը 23:00-ից հետո ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը․ Ցուցարարներին կոչ են անում այլ վայր գնալ

Ժամը 23:00-ից հետո ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը․ Ցուցարարներին կոչ են անում այլ վայր գնալ

PanARMENIAN.Net - Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյաննուղիղ եթերում հայտարարել է՝ այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երևանի փոխոստիկանապետը, պնդելով, որ հունիսի 19-ից՝ 23:00-ից հետո Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցն անօրինական է, չկա լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն և ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, իսկ այն գործողությունները, որոնք եղել են ոստիկանության կողմից, ադեկվատ էին և համաչափ ու բխել են օրենքից, ընդհուպ կիրառված ֆիզիկական ուժը, Օսիպյանը նշել է․

«Ինչ վերաբերում է նրան, որ ամբողջությամբ պարալիզացրել են Բաղրամյան պողոտան և աղբամաններ տեղադրել այստեղ, որը ևս անընդունելի է՝ ոստիկանությունը թե՛ բնակիչներից, թե՛ քաղաքացիներից բողոքներ է ստացել և այստեղ նույնպես հանդուրժողականություն է դրսևորում»:

Փոխոստիկանապետի պնդմամբ, ոմանք ոստիկանության «հանդուրժողականությունը» դիտարկում են որպես անգործություն, բայց այդպես չէ:

«Դուք ինքներդ ականատես եղաք և ինքներդ զարմանում եք, թե ինչպես եղավ, որ ոստիկանությունը հայտնաբերել է զենքով քաղաքացի: Դա ևս փաստում է, որ մենք գործում ենք պրոֆեսիոնալ և այսքան քաղաքացիների միջից հայտնաբերեցին զինվածի: Ոստիկանության տեսադաշտում են նաև բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները կամ մասնակիցները, որոնք դրսևորում են ագրեսիվ վարքագիծ և սադրիչ են հանդիսանում»,- ասել է նա:

Վալերի Օսիպյանի խոսքով, ոստիկանությունը կարող է հասարակական կարգը վերականգնել, ուղղակի չեն ցանկանում «ավելորդ լարվածություն» ստեղծել: Ըստ նրա, հավաքի մասնակիցների մեծ մասն «արդար պահանջներ» ունի, սակայն կան մարդիկ՝ «հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ» որոնք այդ ամենը օգտագործում են և նախագահի հայտարարությունից հետո արդեն փորձում են «ուրիշ ուղով տանել» ամենը:

«Մենք նաև տեսնում և զգում ենք, որ մեծ մասը պատրաստ է այս ամենը վերադառնալ օրինական դաշտ», - նշել է Երևանի փոխոստիկանապետը։

Նա նաև ոստիկանության անունից շնորհավորել է բոլորին՝ հավաքի մասնակիցներին, համակարգող խմբին, ոստիկաններին ու առհասարակ ՀՀ բոլոր բնակիչներին:

«Այո՛, սա հաղթանակ է: Ոստիկանությունն իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել և հորդորում ենք հավաքի բոլոր մասնակիցներին ողջամիտ լինել: Նաև տեղեկացված ենք, որ ժամը 18:00-ին այստեղ բոլորը հավաքվելու են և քննարկումներ են լինելու հետագա քայլերի մասին, թե ինչ անել: Հորդորում ենք վերադառնալ կա՛մ Ազատության հրապարակ, կամ ընտրել այնպիսի մի վայր, որը չի խախտի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, չի փակվի ճանապարհի բանուկ մաս: Հորդորում ենք բոլորին, որպեսզի ողջամիտ լինեն և դադարեցնեն բոլոր անօրինական գործողությունները՝ հատկապես 23:00-ից հետո, երբ խախտվում է լռության ժամը»:

Նա հայտարարել է, որ այն քաղաքացիները, ովքեր կշարունակեն կարգ խախտել, կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի սահմաններում, այդ սահմաններում նաև ոստիկանությունը «կօգտագործի ամեն ինչ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնի տևական ժամանակ արդեն իսկ խախտված հասարակական կարգը»:

Կարդացեք նաև՝ Վաղինակ Շուշանյան. Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել որոշումը, պիտի կասեցնի այն, ինչն արել է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---