ԿԲ. Էլէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը տարեկան գնաճի վրա կկազմի մոտ 1.3%

ԿԲ. Էլէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը տարեկան գնաճի վրա կկազմի մոտ 1.3%

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն մոտ 1.3 տոկոսային կետ:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցության և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Ըստ ԿԲ-ի տվյալների՝ 2015–ի անցած հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7%-ով, որը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսվածին և գնահատվում է 4.9 ընդլայնող: Երկրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման միտումները՝ սակայն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

2015 –ի հունվար-փետրվար ժամանակահատվածի արտաքին առևտրի ցուցանիշների պատկերը դեռևս ամբողջական չէ` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, որը հստակեցվելուց հետո կներկայացվի հաջորդ հրապարակումներում:

ՀՀ արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակի անցած երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը պահպանել է համեմատաբար կայուն վարքագիծ: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 478.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.4%-ով՝ կազմելով 534.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 2.4%-ով` կազմելով 9.2 դրամ:

2015-ի երկրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և դրանք հիմնականում համահունչ են եղել կանխատեսված մակարդակներին: Հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից 2015-ի հունիսի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 20.7%-ով):

ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 32.2% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 27.3%-ով (տ/տ 6.2% նվազում): Ըստ ԿԲ գնահատումների, երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 5.8% (տ/տ 43.2% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կարձանագրի եռ/եռ 3.7% աճ (տ/տ 9.9% նվազում):

2015 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 19.4%-ով:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ:

2015-ի հունիսի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 12.0% և 9.0%:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---