ANCA. Օբաման պետք է հարգի իր խոստումը և աշխատի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

ANCA. Օբաման պետք է հարգի իր խոստումը և աշխատի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը (ANCA) հուլիսի 4-ին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հանձնախումբը գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:

«Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման Ամերիկայի հիմնարար սկզբունքների վրա», - ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին, որում արժևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ակնկալիք հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի իր գործուն միջնորդական առաքելությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հանուն տարածաշրջանի կայուն և հարատև խաղաղության:

ՀՀ ղեկավարը բարձր է գնահատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունը։ Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների խրախուսման հարցում։ Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերային կապերը շարունակում են գործնական ուղի հարթել Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ընթացիկ տարին երկու երկրի համար նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի էական բարեփոխմամբ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, ՀՀ տնտեսության մեջ անկախությունից ի վեր ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրմամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---