Ոստիկանությունը բացեց Բաղրամյանը. Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել (թարմացված)

Ոստիկանությունը բացեց Բաղրամյանը. Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել (թարմացված)

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հուլիսի 6-ին ժամը 12:30-ին, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, Բաղրամյան պողոտայից հեռացրել է բարիկադ-աբղամանները, այնուհետև՝ նաև ցուցարարներին՝ բացելով երթևեկելի հատվածը: Պողոտայում երթևեկությունը վերականգնված է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս է:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների և ցուցարարների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնությւոն չի կիրառվելու և բոլորը բաց են թողնվելու 3 ժամվա ընթացքում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված անչափահաս 6 քաղաքացին անմիջապես ազատ են արձակվել, իսկ մյուս 40 ցուցարարը նույնպես արդեն իսկ ազատ են:

Բարիկադների դեր տանող աղբամաններն իրար միացնող ժապավենները ոստիկանները կտրել են, ապա հեռացրել պողոտայի մեջտեղից: Այդ նույն պահին հավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Ոստիկանից չենք վախում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակը մերն է», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» և այլն:

Բարիրկադներն ապամոտնաժելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել ցույցի մասնակիցներին միասին վերականգնել Բաղրամյանի նախկին տեսքը՝ մաքրել աղբից, ազատել այն. «Վերականգնենք նախկին տեսքը, որը միշտ եղել է՝ մաքուր և գեղեցիկ»:

Ի պատասխան ցուցարարները նշել են, թե նոր բարիկադներ են դնելու, սակայն ոտիկանները թույլ չեն տվել: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ զրույցում նշեց, թե բռնությունը պետք է բացառել:

«Բռնություն չի լինելու, մենք հորդորում, խնդրում, պահանջում ենք, որ իրենք ազատեն երթևեկելի մասը: Բռնություն չենք կիրառելու, իրենց հեռացնելու ենք ճանապարհի բանուկ մասից»,- ասել է Հունան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով օգտագործել սեփական հեղինակությունն ու բացել փողոցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ նշել է, թե դժվարանում է գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին.

«Բոլորիս գերխնդիրն է, որ մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ բռնություն չկիրառվի և օրենքի խախտումներ չարձանագրվեն: Երկու կողմերն էլ պետք է ողջախոհ և ավելի զգոն լինեն, որպեսզի չկրկնվի հունիսի 23-ի իրադարձությունները»:

ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ի առավոտյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի մոտ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության՝ Բաղրամյան պողոտայի արգելափակումը ինքնակամ վերացնելու մասին հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկել է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին մինչև ժամը 12:30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին:

Կարդացեք նաև՝Բաղրամյանը շարունակում է փակ մնալ. Ոստիկանությունը պատրաստվում է 12:30-ին բացել այն

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---