Միջուկային համաձայնագիրը. Ինչպե՞ս այն կազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա![]() 17 հուլիսի 2015 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԻԻՀ դեմ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Իրանիտնտեսական երկկողմհարաբերությունների վրա, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Սկզբնական շրջանում մեզ համար կարևոր հանգամանքն Իրանի բանկային համակարգի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումն է: Ինչպես հայտնի է, մեր էներգետիկ նախագծերի ֆինանսավորման մեծ մասը կատարում է իրանական կողմը: Վերջին տարիներին հենց պատժամիջոցների պատճառով է սառեցվել մի շարք նախագծերի իրականացումը»,- ասաց Իսրայելյանը: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հուլիսի 16-ին համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ: Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի խոշոր նախագծերին՝ փորձագետը նշեց, որ մինչև 2018-ը նախատեսվում է ավարտին հասցնել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը: Արաքս գետի էկոլոգիայի փոփոխության պատճառով 2014-ին վերանայվեց Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման մասին պայմանագիրը, և իրանական ընկերությունները շուտով կսկեն շինարարությունը: Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցմանը, ըստ Իսրայելյանի, խոչընդոտում են ոչ այնքան ֆինանսական միջոցների բացակայությունը, որքան տարածաշրջանում ազդեցություն ունեցող գերտերությունների հակասությունները: «Բնականաբար, միջուկային խնդրի կարգավորմամբ իրավիճակը կփոխվի, ինչպես նաև նաև տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող անվտանգության միջավայրը: Այդ պարագայում արդեն ներդրողներն իրենք շահագրգռված կլինեն երկաթգծի կառուցմամբ», - նշեց նա: Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Իսրայելյանը, միաժամանակ, ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները $300 մլն-ից չեն անցնում, եթե հաշվի առնել, որ դրա մեծ մասը բաժին է ընկնում գազի ներկրմանն ու էլեկտրաէներգիայի արտահանմանը, ապա ապրանքների մասով ստացված արդյունքը գոհացուցիչ չէ: «Մինչ խոշոր էներգետիկ նախագծերի իրականացնելը, պետք է Իրանի հետ զարգացնենք տնտեսական հարաբերությունները հատկապես փոքր ու միջին բիզնեսում: Պետք է ստեղծվեն համատեղ ձեռնարկություններ: Եվրոպական երկրներն արդեն իսկ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարելու Իրանում: Այդ պարագայում բնականաբար նրանք նոր շուկաների կարիք կունենան», - ասաց իրանագետը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է փորձի ԵԱՏՄ-ի առիթն օգտագործելով շահագրգռել իրանցիներին, այդ թվում նաև Իրանում գործող եվրոպացի գործարարներին ներդրումներ կատարելու ՀՀ-ում և երկրի միջոցով իրենց ապրանքն արտահանելու Միության երկրներ: Բացի այդ, իրանագետի խոսքով, որոշակի աշխուժություն կնկատվի զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև կակտիվանան միջբուհական շփումները, իրանցի ուսանողների ներհոսք կնկատվի: Անդրադառնալով համաձայնագրի արդյունքում տարածաշրջանի տնտեսական, քաղաքական զարգացումներում Իրանի դերի փոփոխմանը՝ Իսրայելյանը շեշտեց, որ ԻԻՀ-ն իր ակտիվ գործողություններով արդեն իսկ ապացուցել է, որ առանց իր մասնակցության՝ Միացյալ Նահանգներն էական հաջողություն չեն կարող ունենալ ինչպես «Իսլամական պետության» դեմ պայքարում, այնպես էլ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում անվտանգության հաստատման գործում: «Որքան էլ Միացյալ Նահանգները հայտարարեն, թե «միջուկային համաձայնությունը» չի ենթադրում Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորում, միջուկային խնդիրն առիթ էր, որի միջոցով ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները փաստացի Իրանի հետ համագործակցության դաշտ ձևավորեցին», - նկատեց փորձագետը: Նրա խոսքով՝ Թեհրանն էլ կատարեց իր զիջումները. գործող նախագահ Հասան Ռոուհանին բավականին ծանր տնտեսական պայմաններում ստանձնեց պաշտոնը և եթե նա շարունակեր Ահմադինեժադի քաղաքականությունը, ապա մեծ էր հավանականությունը, որ Իրանը նույնպես կարժանանար Սիրիայի ճակատագրին: «Ինչևէ, միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը բխում է թե՛ Իրանի և թե՛ Արևմուտքի շահերից», - շեշտեց Իսրայելյանը: Ըստ փորձագետի՝ Իրանը բոլոր հնարավորություններն ունի ստանձնելու տարածաշրջանի գերտերության դերը: Միացյալ Նահանգները կփորձի հենց Իրանի միջոցով պահպանել տարածաշրջանի հավասարակշռությունը, ինչպես դա արվում էր շահի օրոք: Ակնհայտ է, որ այդ պարագայում զգալիորեն կնվազի տարածաշրջանային մյուս խաղացողների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի դերը: Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Իսրայելյանը նշեց ,որ վերջին տարիներին Իրանի թուլությունից օգտվում էր Թուրքիան՝ փորձելով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ըստ իրանագետի՝ եթե ԻԻՀ-ին հաջողվի Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հասցնել նվազագույնի, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ևս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ: Ըստ փաստաթղթի, Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ: Կհանվի նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Հայտնի է նաև, որ Իրանը առնվազն 15 տարի չի արտադրի պլուտոնիում և հարստացված ուրան` հրաժարվելով ուրանի հարստացումից ավելի քան 3,67%-ով: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |