Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի» օր։ Այս մասին գրում է արգենտինական Prensa Armenia-ն:
Օրենքը վավերացրել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն:
Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է:
Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:
Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: