Զգուշացեք, շոգ է լինելու. ՀՀ-ում ջերմաստիճանն օգոստոսի առաջին օրերին +40-ի կհասնի

Զգուշացեք, շոգ է լինելու. ՀՀ-ում ջերմաստիճանն օգոստոսի առաջին օրերին +40-ի կհասնի

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է՝ պայմանավորված Հայաստանի տարածքին արևադարձային տաք օդային հոսանքների մոտենալով: Այս մասին լրագրողներին հուլիսի 28-ին տեղեկացրել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի տվյալների՝ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ +41-ի:

«Գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում»,- տեղեկացրել է նա՝ հորդորելով գյուղատնտեսներին արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն։

Իսկ մարդկանց մասնագետը խորհուրդ է տվել խուսափել ակտիվ գործունեությունից, ժամը 13:00-17:00-ն ընկած հատվածում խուսափել արևի անմիջական ճառագայթներից, մեծ քանակությամբ հեղուկ ընդունել, գրում է Tert.am-ը:

Այս օրերին նաև քամիներն են դադարելու, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Եթե մինչև այդ ժամը 19:00-22:00-ին գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, ապա հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար:

Սուրենյանցը նաև տեղեկացրել է, որ սպասվում է տաք օգոստոս, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում:

Հուլիսի 27-ին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը ներկայացրել է օգոստոսի կլիմայական բնութագիրը:

Ըստ դրա, Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41-43 (+43,7՝ 2011-ին, Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է +30-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8-11աստիճանից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը` 18-21, առավելագույնը` 37-39 աստիճան): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը` 15-18),իսկ օգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանն իջնում է մինչև +15, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941-ին իջել է մինչև -2-30:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում միջինում կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34 մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21 օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը՝ 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---