8 օգոստոսի 2015 - 17:30 AMT
Հայ ֆուտբոլիստները հայտնի ակումբներում. Տրանսֆերային արժեքներն ու սպասվող տեղափոխությունները

Դատելով վերջին շրջանում հայտնի ֆուտբոլային ակումբներ հայ ֆուտբոլիստների մի քանի հաջող տեղափումներից՝ հայ մարզիկների պահանջարկն աշխարհի տրանսֆերային շուկայում աճում է:

Տրանսֆերային արժեքներն ու ակումբային տեղափոխությունները

Ամեն տարի բրիտանական տրանսֆերային ընկերությունը ներկայացնում է ֆուտբոլիստների, ազգային հավաքականների, ակումբների տվյալ տարվա տրանսֆերային արժեքը: 2015-ին Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկված 23 ֆուտբոլիստի ընդհանուր արժեքը կազմել է 29,79 մլն ֆունտ ստերլինգ: Հարևան երկրներից ՀՀ-ն զիջում է միայն Թուրքիային (143,40 մլն): Ադրբեջանին և Վրաստանի ազգային հավաքականների տրանսֆերային արժեքները, համապատասխանաբար, 7,88 և 24,44 մլն ֆունտ ստերլինգ են կազմում:

Հայաստանի ազգային հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանը ՝18,48 մլն ֆունտ ստերլինգ: Ի դեպ, 2013-ի համեմատ այն նվազել է՝ այն ժամանակ մոտ 24,20 մլն էր, գրում է «Անկախ»-ը:

2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն իրադարձային էր: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն: Համեմտության համար, համաշխարհային ֆուտբոլում խաղացողների տրանսֆերներից ամենաբարձր եկամուտ ստացած ակումբն է Տոտենհեմը, որը Գարեթ Բեյլին Ռեալ Մադրիդին վաճառել է մոտ $100 մլն-ով:

2015-ի հուլիսի 27-ին Մխիթարյանը հաստատեց Դորտմունդի «Բորուսիայում» մնալու մասին իր որոշումը: Վերջին շրջանում իտալական լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Մխիթարյանին, շրջանառվում էին ֆուտբոլիստի` «Յուվենտուս» կամ «Ռոմա» տեղափոխվելու մասին տեղեկություններ:

Մխիթարյանին հաջորդում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, «Սպարտակում» հանդես եկող Արազ Օզբիլիսը: 2014-ի համեմատ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը մոտ 2 մլն-ով նվազել է և այժմ կազմում է մոտ 4,40 մլն ֆունտ ստերլինգ՝ նախկին 6,16 մլն-ի փոխարեն: Արժեքի նվազումն ուղղակիորեն կապված է դեռևս անցած տարվա հունիսին ֆուտբոլիստի Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում ծնկի վնասվածք ստանալու հետ: Ինչ վերաբերում է Ղազախստանի «Ակտոբեում» հանդես եկող Մարկոս Պիզելիին, ապա նա տրանսֆերային հայկական աղյուսակում 3-րդն է: 2013-ին մարզիկի տրանսֆերը հասնում էր մոտ 2,64 մլն ֆունտ ստերլինգի, իսկ այժմ կազմում է 1,14 մլն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 704.000 ֆունտ ստերլինգ, մինչդեռ 2014-ին հասել էր 880.000-ի:

Գևորգ Ղազարյանը հուլիսի 19-ին 3 տարվա պայմանագիր կնքեց Պորտուգալիայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող «Մարիտիմու» ակումբի հետ: Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կխաղա Պորտուգալիայի առաջնությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրված էր Խարկովի «Մետալիստը»:

Ինչ վերաբերում է հարձակվող Յուրա Մովսիսյանին, ապա նրա տրանսֆերային արժեքը նվազել է մոտ 2 մլն ֆունտով: 2014-ին այն կազմում էր մոտ 7,9 մլն, իսկ այս պահին՝ 6,16 ֆունտ ստերլինգ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Մովսիսյանին գնելու ցանկություն ունի «Ռեալ Սոլթ Լեյքը», որտեղ նա խաղացել է 2007-2009-ին: Հայ ռմբարկուն 2012-ի դեկտեմբերին «Սպարտակ» ակումբի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր. Նա Մոսկվայի ակումբին արժեցել է €8 մլն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի տրանսֆերային արժեքը՝ 440.000 ֆունտ է՝ նախկին 616.000-ի փոխարեն:

2015-ի հունիսին Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Կառլեն Մկրտչյանի հետ: Աճել են Հայաստանի ֆուտբոլային ակումբներում հանդես եկող մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

ՖԻՖԱ-ի տվյալներով՝ աշխարհի ֆուտբոլային ակումբները 2014-ին ավելի քան $4 մլրդ են ծախսել տրանսֆերների վրա:

Ազգային հավաքականի պաշտպան, Մարսելի «Օլիմպիկի» երիտասարդական կազմի ավագ Գաել Անդոնյանը, ում տրանսֆերային արժեքն է 132.000 ֆունտ ստերլինգ ,այսուհետ խաղալու է ֆրանսիական ակումբի գլխավոր թիմում (Մարսելի «Օլիմպիկ»): 20-ամյա ֆուտբոլիստն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել:

Սպասվող տրանսֆերներ

Հուլիսին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Սպարտակում» հանդես եկող կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է այս ամառ տեղափոխվել այլ ակումբ: Ըստ այդ տեղեկությունների՝ «Սպարտակը» կիսապաշտպանի տրանսֆերի հարցով ստացել է մի քանի առաջարկ:

Տարեսկզբին Օզբիլիսով հետաքրքրված էր թուրքական «Բեշիկթաշը»:

Ամերիկյան ԶԼՄ-ները Յուրա Մովսիսյանի հնարավոր վերադարձը «Ռեալ Սոլտ-Լեյք» ակումբ համարում են MLS-ի գլխավոր ինտրիգներից մեկը: Սակայն հուլիսին տեղեկատվություն է տարածվել, որ մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մովսիսյանը մոսկովյան ակումբը չի լքելու: