Թուրքիայի խորհրդարանում ներկայացված, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) բհամանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բրյուսելից Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել թուրք-քրդական կարգավորման գործընթացի համար:
«Եվրամիությունը բացեիբաց և հստակորեն պետք է օժանդակի Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև երխոսությանը», - ասել է Դեմիրթաշը, մեջբերում է Ermenihaber.am-ը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն էլ պետք է քրդական կարգավորման գործընթացում հստակ դիրքորոշում ունենա: Ըստ Դեմիրթաշի՝ ԵՄ-ն պետք է օժանդակի նաև Թուրքիա–Օջալան երկխոսությանը՝ հարկ եղած դեպքում ճնշում գործադրելով դրան հասնելու համար:
Քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի վարած քաղաքականթյունը համանախագահը ասել է, որ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած օդային հարվածները իրականում ոչ այնքան ուղղված էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, որքան ՔԲԿ-ի դեմ: Թուրքական օդուժի գլխավոր թիրախը հենց ՔԲԿ-ն էր:
Նա համոզված է, որ թուրքական իշխանություններն այժմ փորձում են թուլացնել ԺԴԿ-ին՝ նկատի ունենալով քրդամետ կուսակցության դեմ իրականացվող ճնշումները:
Այցի շրջանակում Դեմիրթաշը հանդիպել է «Քրդական համայնքների միության» (KCK) բարձագույն խորհրդի անդամ Զուբեյիր Այդարի հետ: Նախատեսվում է, որ Դեմիրթաշը Բրյուսելում հանդիպում կունենա ԵՄ-ի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգհերինիի, ինչպես նաև բյուրոյի պետ Ստեֆանո Մանսերվիսիի հետ:
Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:
Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:
Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: