13 օգոստոսի 2015 - 14:52 AMT
Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը

Վերջին տարիներին Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը պատերազմական գործողությունների պատճառով:

Մոտ 700 հազար քրիստոնյա ստիպված է եղել է հեռանալ երկրից, հայտարարել է «Օգնություն աղետյալ եկեղեցիներին» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Նյուտոնը, որի խոսքը մեջբերում է The Christian Post կայքը:

«Սիրիայում 1,75 մլն քրիստոնյա էր ապրում մինչ պատերազմը: Դա նշանակում է, որ սիրիացի քրիստոնյաների մոտ 40%-ը մեկնել է»,-հայտարարել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

Մասնավորապես քրիստոնյաներով բնակեցված Մաալուլա գյուղում նախկին 3 հազար բնակիչներից մնացել է միայն մի քանի հարյուրը: Այս գյուղում են գտնվում հնագույն քրիստոնեական եկեղեցիները, իսկ նրա բնակիչները խոսում են գրեթե անհետացած եբրայերենով, որով խոսել է Հիսուսը: 2013-ին գրոհայինները գերեվարել էին տեղի վանքի վանական քույրերին, որոնք հետո սակայն ազատ արձակվեցին:

Ըստ Նյուտոնի, Իրաքում մոտ 120 հազար քրիստոնյա է լքել տները: Շատերը հեռացել են երկրից:

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում, շատերը հեռացել են նաև այլ երկրներ:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Հալեպում։ Հուլիսի 27-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մուտքի մոտ հրթիռ են արձակել, ինչի արդյունքում զոհ ու վիրավորներ կան։ Հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը՝ նյութական վնասներ առաջացնելով: Ապրիլին քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց 15-րդ դարի եկեղեցին ավերակի էր վերածվել ռմբակոծության հետևանքով: Հուլիսին Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան սիրիական քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: